Հնդկաստանի և Չինաստանի բանակային կորպուսների հրամանատարները հերթական հանդիպման ժամանակ պայմանավորվել են պահպանել երկխոսությունը Լադաքհի բարձրլեռնային տարածաշրջանում չսահմանազատված սահմանի հարցի շուրջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հնդկաստանի արտգործնախարարությանը։
Հրամանատարների մակարդակով հանդիպման նոր՝ 21-րդ փուլը, տեղի է ունեցել փետրվարի 19-ին Չուշուլ-Մոլդո սահմանային անցակետում։
«Քննարկումները հիմնված էին նախորդ փուլերի վրա, որոնք ուղղված էին Արևելյան Լադաքհում փաստացի վերահսկողության գծի երկայնքով մնացած շրջաններում ամբողջական սահմանազատման հասնելուն՝ որպես կարևոր հիմք Հնդկաստանի և Չինաստանի սահմանամերձ շրջաններում խաղաղության ու անդորրի վերականգնման համար: Երկու կողմերն իրենց տեսակետներն են հայտնել այս հարցի շուրջ բանակցությունների ընթացքում, որոնք անցել են բարեկամական և ջերմ մթնոլորտում», – ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են հետագա գործողությունների շուրջ կապ պահպանել զինվորականների և դիվանագետների միջև համապատասխան ուղիների օգնությամբ, նաև պարտավորվել են պահպանել խաղաղությունն ու անդորրը սահմանամերձ շրջաններում:
Հնդկաստանի և Չինաստանի միջև վաղեմի տարածքային վեճը կապված է հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշի նահանգի գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի, ինչպես նաև Քաշմիրի հյուսիսում լեռնային տարածքի մի հատվածի պատկանելության շուրջ: