ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Աշնանը հավաքած բերքի իրացման հարցը մոտ 5 ամիս է, դեռ քննարկում են կառավարությունում. ⚠️հիշեցում՝ 7 օրից գարուն է։
Սահմանամերձ Վարդենիսի բնակիչների մշակած կարտոֆիլը չի իրացվել. գրություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչների կողմից ստացել էի բողոքներ առ այն, որ իրենց մշակած կարտոֆիլը չի վաճառվել. պահեստներում, հորերում տոննաներով կարտոֆիլ է մնացել:
Բնակիչները վարկ են վերցրել, մշակել կարտոֆիլը, որ կարողանան ստացված եկամուտով ոչ միայն մարել վարկերը, այլև շահույթ ունենալ և ողջ տարին ապրել դրանով, իսկ հիմա չեն կարողանում տարվա բերքն իրացնել:
Արձագանքելով իմ հայրենակիցների մտահոգություններին՝ գրություն եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ խնդրի լուծման ուղղությամբ:
Իմ գրությանն ի պատասխան՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է հետևյալը. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների կողմից 2023թ. արտադրված, սակայն չիրացված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ»:
Շուտով սկսվելու են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ ՀՀ կառավարությունում քննարկում են 2023-ին հավաքած բերքի իրացման հարցերը:
Որքա՞ն և ինչպե՞ս պետք է սպասեն արդեն սահմանամերձ դարձած Վարդենիսի բնակիչները. պատասխանում ոչինչ չի ասվում:
Կարող եմ միայն արձանագրել, որ ներկայիս կառավարության քաղաքականությունը, որն իրականացվում է սահմանամերձ բնակավայրերի մասով, հակահայկական է, հակամարդկային և հակապետական:
‼️Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրներն ավելացնելով՝ ՀՀ կառավարությունը նրանց ցույց է տալիս հայրենի տունը լքելու ճանապարհը: Իսկ հետո արդեն սցենարը պարզ է. դատարկ, ամայի, ձյունոտ սարերն ու բնակավայրերը մեզ պետք չեն, դրանք «դժբախտ ու դժգույն են»: