Արցախյան մշակույթի պահպանման նպատակով հեռուստամարաթոն է մեկնարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկնարկել է համահայկական հեռուստամարաթոն: Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրեց կազմակերպության ներկայացուցիչ Ապրես Մարգարյանը: Հեռուստամարաթոնն ուղղված է Արցախի մշակույթի պահպանմանը, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր պարբերաբար ոչնչացվում է Ադրբեջանի կողմից: Դրամահավաքը նպատակ ունի ապահովել Արցախի մշակութային կոլեկտիվների աշխատանքի շարունակականությունն, ակտիվ ներկայացնել Արցախյան մշակույթը ներհայկական միջավայրում և արտերկրում: Այս ծրագրերի իրականացմանը կներգրավվեն մշակույթի ոլորտի արցախցի ավելի քան 500 մասնագետ:

«Արցախի բռնի հայաթափման հետևանքով՝ հազարամյակների ընթացքում ստեղծված մշակույթն այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առաջ։ Այդ արժեքներն անմիջական կրողներից Արցախի մշակութային կոլեկտիվներն այդ մարտահրավերին արձագանքել են իրենց ուժերի չափով՝ գրեթե ոչ մի պայման չունենալով՝ Երեւանում փորձելով շարունակել իրենց ընթացքը: Այսօր մենք կարող ենք օգնել, որ նրանք ոտքի կանգնեն, վերսկսեն իրենց լիաժեք գործունեությունը եւ պահպանեն ու զարգացնեն արցախյան մշակույթը՝ արթուն պահելով մի օր կրկին այդ արժեքներով Արցախ վերադառնալու հավատը»,- ասաց Ապրես Մարգարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հեռուստամարաթոնից ստացված ֆինանսական միջոցները կուղղվի արցախյան մշակույթի պահպանությանը, արցախահայության մշակութային իրավունքների իրացմանը, թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների հուշարձանների վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպմանը, զեկույցների պատրաստմանը, Արցախի բարբառի պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, սահմանամերձ շրջաններում կրթամշակութային միջոցառումների իրականացմանը, արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, ինչը թույլ կտա հայկական միջավայրից դուրս ակտիվ պահել արցախյան թեմատիկան:

Կոչն ուղղված է ՀՀ-ում և Սփյուռքում գործող բոլոր հիմնադրամներին, կազմակերպություններին, հասարակական գործիչներին, բոլոր նրանց, ովքեր միշտ եղել են Արցախի կողքին և համարում են, որ Արցախի հարցը դեռ փակված չէ:
Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են դիմել «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ: Արդյունքները կամփոփվեն մարտի 23-ին՝ ուղիղ եթերում:

Նանիկ Աղասյան




Լրահոս