Փորձում են կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Սամվել Շահրամանյանն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում էր։ Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց, թե ինչու է գնացել այնտեղ։

«Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցման, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, նշված էր, որ իրենք ստացել են իմ՝ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը։ Այդ գրության մեջ ես խնդրել էի, որ սոցիալական ցանցերում հայտնի դարձած այն տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության կողմից որոշ պաշտոնյաների կողմից դրսևորվել են խախտումներ, հիմնականում՝ ֆինանսական ոլորտում, որպեսզի այդ հայտարարություններն ընդունեն հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն համապատասխան քայլեր։ Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակներում ինձ հրավիրել են՝ որպես վկա հարցաքննվելու»,- նշեց Սամվել Շահրամանյանը։

Ինչ վերաբերում է իր անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությանը և նրա անվան շուրջ ստեղծված իրավիճակին, Սամվել Շահրամանյանն ասաց, որ ուժային մարմիններից խնդրում է, որպեսզի կարճ ժամանակում լուծեն Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ գործը շինծու է։

«Այս ամենը կապ ունի այն բանի հետ, որ փորձում են այն, ինչը կապված է Արցախի հետ՝ կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը։ Բայց ինձ թվում է՝ չպետք է գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ՝ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների համար։ Կարծում եմ՝ մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, և այն միշտ արյունահոսելու է»,- եզրափակեց Սամվել Շահրամանյանը։




Լրահոս