
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում երեկ թեժ իրավիճակ էր: Մարզի բնակիչները երեկ փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը և բողոքում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։
Համաձայն այդ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։
Արտագնա աշխատանքի մեկնողները վերջին օրերին են ծանուցում ստացել, որ իրենք պետք է հարկվեն։
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ճանապարհ փակած քաղաքացիները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և ՊԵԿ ներկայացուցիչներին. որոշել են դադարեցնել ակցիաները, մինչև համաձայնության գան.
«Վերջնական համաձայնության դեռ չեն եկել, քննարկման փուլում է, կարճ ժամկետում հարցի լուծում կտան»,-ասաց Հովեյանը:
Հովեյանի փոխանցմամբ՝ մարզպետը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հորդորել է արտագնա աշխատանքի չգնալ.
«Մարզպետն ասել է, որ ՀՀ տարածքում աշխատատեղեր կան, ցանկության դեպքում կարող են այստեղ էլ աշխատել»:
Քրիստինա Մուշեղյան