Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան. ԵՄ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական Միությունը ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը ուղղված Հայաստանի հանձնառությունը և բարձր է գնահատել այս ուղղությամբ առաջընթացը: Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ամփոփել է Բրյուսելում նախորդ շաբաթ կայացած գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները, կարևոր համարել Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հարցում քաղաքացիական հասարակության դերը և հայտնել պլատֆորմի հետ երկխոսությունը շարունակելու և այն ինստիտուցիոնալ դարձնելու Հայաստանի պատրաստակամությունը:

«Նիստի համատեղ հայտարարությունում գնահատվել են նաև ԵՄ աջակցությամբ իրականացվող արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ՆԳՆ ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչև օրս արձանագրված ձեռքբերումները: Ընդգծվել է նաև, որ Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու համաձայնագրի ողջ ներուժի բացահայտմանը»,- ասել է Գրիգորյանը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման կարևորությունը, նշել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել ավելի լավ արդյունքի:

«Աշխատանքի համար որոշ ժամանակ կպահանջվի: Բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ցանկանում է այցելել Հայաստան, որ արվի նոր օրակարգի առաջին առաջարկը: Մենք ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ գործակցությունը: Եվրոպայի խորհուրդը Բարձր ներկացուցչին և Եվրոպական հանձնաժողովին խնդրել է դիտարկել հնարավորությունները, որոնցով հնարավոր է խորացնել ԵՄ և Հայաստանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով և սա հենց այն է, ինչը որ մենք անում ենք, և այն է, ինչը դուք անում եք Բրյուսելի գործընկերների հետ»,- ասել է Մարագոսը:




Լրահոս