ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ «ռումբ» են դրել. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։ Այս մասին հայտնել էր  shamshyan.com-ը։

Ահազանգով ժամանած մասնագետները վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնտեղ էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ, աշխատակիցները այն տարել են ներս, բարեբախտաբար, չի պայթել։

Ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասել են, որ երբ պայթուցիկը վնասազերծել են, Գուրգեն Արսենյանը հայտնել է, թե այն երկու օր առաջ է դրված եղել և ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ հարցրել են՝ այդ դեպքում ինչու՞ ժամացույցը չի գործել, Արսենյանը պատասխանել է․ «Կարող ա էլեմենտը նստել է»։

ArmLur.am-ը կապ հաստատեց ՔՊ խմբակցության պատգամավորի հետ, վերջինս էլ հայտնեց, որ արդեն հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն՝ դեպքն ուսումնասիրելու համար.

«Ես ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ՝ ո՞վ կարող էր նման բան անել: Պայթուցիկն արդեն երկու օր է դրված է կուսակցության շենքի մոտ, բայց այն չի գործել: Հիմա վնասազերծել են, այլ բան չեմ կարող ասել, Ոստիկանությունն ուսումնասիրում է»,-ասաց Արսենյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս