Բոլորը մեղավոր են, բացի նախարարից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ էլ էր անտեղյակ կամ անտեղյակ ձեւացավ լրագրողների մոտ։ Կառավարության նիստից հետո, երբ նրան հարցրել են Առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման դեպքից, Ավանեսյանը շտապել է հայտարարել. «Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու: Ես տեղյակ չեմ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բերել ֆիզիոթերապիայի ինստիտուտը»։

Հայտարարել է ու հեռացել լրագրողներից։ Մինչդեռ, առողջապահության նախարարը պետք է արդեն տեղեկացված լիներ դեպքի մանրամասներից, դեռ ավելին՝ ֆիզիոթերապիայի ինստիտուտի ճակատագրից։ Չենք բացառում, որ նա տեղյակ է, բայց լրագրողների մոտ չի ցանկացել անկեղծանալ։ Սա էլ է տարեբրակ, որովհետեւ լրագրողները կարող է մի քանի հարց տային, ու հիմնավորվեր, որ Ավանեսյանը չի տիրապետում իր գլխավորած ոլորտին, իր թիկունքում ով ինչ ուզում, անում է, կամ, ընդհակառակը, նա հովանավորում է:

Առողջապահական համակարգում մի սկանդալ էլ կապված է 44-օրյա պատերազմից հետո 2-րդ ԴՆԹ սեկվենատորի ձեռք բերման գործընթացի հետ: Այս գործով եղավ ձերբակալություն, թեեւ բանը կալանքի չհասավ։ Բայց այս դեպքում էլ Անահիտ Ավանեսյանը եղել է առողջապահության փոխնախարար, ավելի ճիշտ՝ նախարարի առաջին տեղակալը, որի համակարգման ոլորտում են եղել նման հարցերը։ Ավանեսյանը կրկին լռում է։

Ու այս պատմություններին զուգահեռ, Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ոլորտի ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել, ինչպես եղավ փոխնախարար Արմեն Նազարյանի հետ, որին փետրվարի 23-ի որոշմամբ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից, թեեւ վաղուց էին ասել՝ դիմում գրիր գնա։ Ավանեսյանը պաշտոնավարում է, որովհետեւ հասկացել է՝ պետք է Նիկոլ Փաշինյանին անվերապահ ենթարկվել, երբեք չհակառակվել, կուսակցական ու ոչ կուսակցական միջոցառումներին էլ որքան հնարավոր է շատ մասնակցել, աչքի ընկնել ակտիվ կոմերիտականի նման։

Դա է պատճառը, որ առողջապահական ոլորտը այս վիճակում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս