ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկ վճարեն, այլապես օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն: Փաշինյանի խոսքով՝ օդանավակայան տանող ճանապարհից չպիտի օգտվեն արտագնա աշխատանքի գնացող և արտերկրում համերգներ կատարող շոու-բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ այդ ճանապարհ կառուցվել է հարկ վճարողների շնորհիվ: Ըստ Փաշինյանի՝ օդանավակայան գնացողները ինչո՞ւ պիտի մեր հարկերի շնորհիվ կառուցված ճանապարհորվ երթևեկեն, «մենք չենք ցանկանում, որ իրանք մեր հաշվին ստեղծված ճանապարհով երթևկեն։ Թող մեր սիրելի հայրենակիցներն իրենց համար ճանապարհ սարքեն ու այդ ճանապարհով երթևեկեն, որովհետև մաշվումա, չէ՞ էտ ճանապարհը: Մենք դա երկար ժամանակ չենք հասկացել: Մեզ թվում էր, թե մենակ կոշիկնա մաշվում, ճանապարհն էլ ա մաշվում… Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին օդանավակայանից պիտի ասենք էս ճանապարհները ձեզ համար չեն, Զանգվի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ եկեք, հասեք Երեւան»,- իր խոսքում նշել է Փաշինյանը:
Իսկ ինչպես են մեկնաբանում Հայաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչները Փաշինյանի այս հայտարարությունը։
ArmLur.am-ը զրուցել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հետ։
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Ես բոլոր հարկերը մինչև հիմա վճարում էի, ինձ համար դա նորություն չէ: Ավելիին տեղեկացված չեմ: Միայն տեղեկացված եմ այնքանով, որքանով որ այն առնչվում է իմ աշխատանքին: Ես իմ հարկերը վճարում եմ և հանգիստ քնում եմ»:
Երգահան-հաղորդավար Ավետ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայտարարությանը տեղյակ չի և չի կարող պատասխանել: Մենք փորձեցինք կապ հաստատել երգիչ Ռազմիկ Ամյանի հետ, սակայն նրանից նույնպես մեկնաբանություն չկարողացանք ստանալ: Մեր հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց․ «Իրավասու չեմ մեկնաբանել»։
Նանիկ Աղասյան