«ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստախոսության նոր ռեկորդներ է սահմանում: ՀՀ քաղաքացիներին խաբելով, սուտ պայքարի իմիտացիաներով իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն ու իրեն շրջապատող կիսատառաճանաչները հիմա էլ վարդենիսցիներին են խաբում:

 

Երեկ բազմաթիվ քաղաքացիներ զայրացած փակել էին Վարդենիսի ավտոճանապարհը՝ դժգոհելով, որ պետական մարմինները հերթով փակվում են Վարդենիսում, եւ վերջինը անձնագրային ծառայությունն է:

Ե՛ւ մարզպետը, եւ՛ անձնագրային ծառայության պատասխանատուները, եւ՛ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին մոլորեցնող հայտարարություններ են անում այս օրերին, իսկ իրականությունը, ինչպես միշտ, այլ է:

Այս տարվա հունվարի 23-ին գրությունով պարզաբանում էի պահանջել ՀՀ ՆԳՆ Վահե Ղազարյանից, թե ինչու են փակվում Վարդենիսի եւ Ճամբարակի անձնագրային ծառայությունները համայնքներում, նաեւ ներկայացրել էի, թե ինչ վատ ազդեցություն է ունեցել այդ որոշումը հանրության շրջանում:

Օրերս ստացել եմ նախարարի գրավոր պարզաբանումը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ օպտիմալացվելու են անձնագրային ծառայությունները սահմանամերձ համայնքներից.

«…նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի. հաշվի են առնվել հետեւյալ գործոնները՝

– տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի,

– քաղաքացիական ծառայության պահանջը, ըստ որի՝ 4 եւ ավելի աշխատակիցների քանակ է պահանջվում ստորաբաժնման ձեւավորման համար, մինչդեռ մարզերում առկա էին 2-3 հոգուց բաղկացած խմբեր:

Գործընթացը կիրականացվի ընթացիկ տարում փուլային եղանակով: Այն համայնքներում, որտեղ նախատեսված է օպտիմալացում, զուգահեռաբար մշտադիտարկում կարվի: Անհրաժեշտության դեպքում շրջիկ ծառայության միջոցով պարբերաբար ծառայություններ կմատուցվեն Հայաստանի տարբեր համայնքներում»:

Պարզ գրված է, որ անձնագրայինը փակվելու է, քանի որ Վարդենիսի անձնագրային ծառայությունում 3 աշխատակից էր աշխատում: Էլ ի՞նչ եք խաբում մարդկանց, բառախաղ անում, թե «օնլայն», «մեկ պատուհան» եւ այլն: Անձնագրային ծառայությունները փակվելու են եւ՛ Վարդենիսում, եւ՛ Ճամբարակում:

Սա՛ է իրականությունը.

կից ներկայացնում եմ պաշտոնական պատասխանը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ»

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII – 2023 միջազգային մրցանակը, որը կրում է «Խաղաղության մշակույթի համար» խորագիրը։

 

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Անանի քաղաքի Պապական պալատում (քաղաքապետարանի շենքում)։

Նույն միջոցառման շրջանակներում Բոնիֆացիոս VIII մրցանակը շնորհվել է նաեւ Սուրբ Աթոռի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին, Նախարարների խորհրդի (վարչապետի աշխատակազմի) գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկո Վիլանիին, Իտալիայում Լեհաստանի դեսպան Աննա Մարիա Անդերսին։ Տարբեր տարիների Հռոմի պապ Բոնիֆացիո VIII-ի անունը կրող այս մրցանակը շնորհվել է տարբեր ականավոր քաղաքական, կրոնական, հասարակական գործիչների, այդ թվում՝ Եվրոպական Խորհրդարանի նախկին նախագահներ Դավիդ Սասսոլիին, Անտոնիո Տայանիին եւ պարոն Եժի Բուզեկին, Կարդինալ Կոխին, Նոբելյան մրցանակակիր Ռիտա Լեվի Մոնտալչինիին, Իտալիայի վարչապետներ Ջուլիո Անդրեոտիին եւ Ռոմանո Պրոդիին, նախկին նախագահներ Օսկար Լուիջի Սկալֆարոյին եւ Կառլո Ազելիո Չամպիին, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին, պատգամավոր Ջանի Լետտային, Քաղաքացիական պաշտպանության գործակալության տնօրեն Գուիդո Բերտոլազոյին, տիեզերագնաց Ումբերտո Գուիդոնին, գեներալ Կլաուդիո Գրացիանոյին, ծովակալներ Գուիդո Վենտուրոնիին եւ Պաոլո Լա Ռոզային եւ այլոց։

Արարողությանը ներկա է եղել նաեւ Իտալիայի Գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկը, կրոնական, քաղաքական եւ զինվորական բարձրաստիճան այրեր։

Մրցանակը դեսպան Համբարձումյանին հանձնել է Բոնիֆացյան ակադեմիայի ռեկտոր Սանտե Դե Անջելիսը։ Պարգեւատրման արարողությանը նախորդել է Կարդինալ Ռավազիի՝ «Անհրաժեշտ հումանիզմը գիտության եւ նոր հաղորդակցության միջեւ» խորագրով դասախոսությունը, որին հաջորդել են պարգեւատրվածների ելույթները։

Դեսպան Համբարձումյանն իր ելույթում երախտիքի խոսք է հայտնել իրեն նման բարձր պարգեւի արժանացնելու համար, ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մարտահրավերները, Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։ Նա շեշտել է խաղաղության նշանակությունը ողջ Հարավային Կովկասի համար։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԴԵՊԻ ԻՐԱՆ

Նիկոլ Փաշինյանի փետրվարի 12-ի որոշման համաձայն՝ 2024 թվականի փետրվարի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն կգործուղվի պատվիրակություն Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Ավագյանը:

Պատվիրակության կազմում են վարչապետի աշխատակազմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  Արման Ղազարյանը եւ Անի Բաբայանը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կմեկնեն Վահան Կոստանյանը, Հայկ Դարբինյանը եւ Արեգ Բագրատյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ Լենա Նանուշյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից՝ Նարեկ Տերյանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից՝ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Քրիստինե Ղալեչյանը եւ Վիկտորյա Քեշիշյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ Ներսես Զեյնալյանը, Հայաստանի Հանրապետության  ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ Նարեկ Զուլալյանը։

Պատվիրակության գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, սակայն պատվիրակություններից յուրաքանչյուրը մեկնում է սեփական գերատեսչության միջոցների հաշվին։

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ

«Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիայի նախադրյալներ միշտ կան: Պայքարը կարող է սկսվել ցանկացած պահի, իշխանություններն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն դրան»,-  փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«2020 թվականից հետո մենք պետք է համախմբվեինք եւ բարձրացնեինք բանակի պատրաստվածության մակարդակը։ Բնակչության զգալի մասը պատրաստ է պաշտպանել երկիրը, պարզապես պետք է կազմակերպել բոլոր գործընթացները։ Համապատասխան լծակներն ու հնարավորություններն իշխանությունների ձեռքում են։ Նախկինում անվտանգության ոլորտում մենք համագործակցել ենք Ռուսաստանի, ՀԱՊԿ այլ երկրների, Վրաստանի, Իրանի հետ, բայց դու ինքդ պետք է պաշտպանես քո սահմանները։ Խաղաղության երաշխիքը մարտունակ բանակն է եւ հմուտ դիվանագիտությունը»,- նշեց պատգամավորը։

 

 

 




Լրահոս