ԽԱԽՏԵԼ Է ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴՈՐՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միքայելյան» հիվանդանոցում խմբով խուլիգանություն կատարելու, բժշկի, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանքեր են ներկայացվել երկու անձի:

 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում խուլիգանություն կատարելու, բժշկի եւ անվտանգության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։

2024 թվականի փետրվարի 7-ին հիշյալ հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:15-ին, իրենց մոտ բուժօգնության տեղափոխված հիվանդի հարազատները հարձակվել են բուժանձնակազմի վրա, հարվածել վերջիններիս, հնչեցրել հայհոյանքներ: Ավելի ուշ հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել, որ հիշյալ միջադեպից հետո բուժօգնության են դիմել վիրաբուժական ինստիտուտի անվտանգության երկու ծառայող:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ նույն օրը, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, հիվանդանոցի մոտից ձերբակալվել է 3 քաղաքացի։

Իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ նրանից մեկը՝ 28-ամյա երիտասարդը, 2024 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քրոջ ամուսնու եւ իր հասակակից մեկ այլ երիտասարդի հետ խմածության հետեւանքով անգիտակից վիճակում գտնվող հորեղբոր որդուն տեղափոխել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Այնուհետեւ, երբ հիվանադանոցի անվտանգության աշխատակիցները բուժօգնության դիմած անձին ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք, 28-ամյա երիտասարդը, չհամակերպվելով նշված բաժանմունքում իր մուտքն արգելված լինելու հանգամանքի եւ այդ կապակցությամբ անվտանգության աշխատակիցների կողմից տրված պարզաբանումների հետ, դրսեւորել է խուլիգանական վարքագիծ։

Մասնավորապես, վերջինս նախ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել անվտանգության աշխատակիցների ու բուժանձնակազմի հասցեին, ապա խմբի կազմում՝ քրոջ ամուսնու հետ, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, շարունակել է նույն վարքագիծը նաեւ հիվանդանոցի մեկ այլ հատվածում։

Վերջինս, տեւական ժամանակ՝ շուրջ 10-15 րոպե անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել է ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ հիվանդների անդորրը, ապա, խուլիգանական դրդումներով, քրոջ ամուսնու հետ հարվածներ է հասցրել բժիշկներից մեկի, անվտանգության ծառայության երկու աշխատակիցների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 28-ամյա քաղաքացու եւ նրա քրոջ ամուսնու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ եւ 9-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրա քրոջ ամուսնու նկատմամբ՝ տնային կալանքը 2 ամիս ժամանակով:

Վերջիններիս հետ հիվանդանոց գնացած, ապա ձերբակալված 3-րդ անձն ազատ է արձակվել՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՐԴԻՆ՝ ՀՈՐԸ

Փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ին իր տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Սամվել Վարդումյանը:

Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններին Լոռու մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հայտնել էին, որ նախնական զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք էլ մահվան պատճառ են եղել:

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի, ինչպես նաեւ Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամվել Վարդումյանին մարմնական վնասվածքներ պատճառել էր նույն հասցեում բնակվող 44-ամյա որդին: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է նաեւ, որ մինչ 75-ամյա հորը մահվան ելքով վնասվածքներ պատճառելը 44-ամյա տղամարդը ոչ սթափ եւ ագրեսիվ վիճակում վիճաբանել էր 75-ամյա մոր հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա գլխի շրջանում եւ աչքերի հատվածներում: 75-ամյա կինը հրավիրվել է Թումանյանի բաժին, հաստատել հիշյալ հանգամանքը, իսկ նրա ակնակապիճների հատվածներում ակնհայտորեն նկատվել են կապտուկներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

 

 

ՄԻՊ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետեւանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության եւ այլ հիմնարար իրավունքները։

ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետեւանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի եւ անվտանգության, կրթության, ինչպես նաեւ մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման եւ մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԵՐՄԵՐ

Փաստաբան Արա Զոհրաբյանը սոցցանցի իր էջում գրել է. «2024 թվականի փետրվարի 05-ին եւ 06-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգեւորականների եւ այլոց հասցեներին, ինչպես նաեւ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել է հայհոյանք եւ զրպարտություն պարունակող արտահայտություններ:

Նշված անձը կոչ է արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում:

Անդրանիկ Դովլաթյանի վերը նշված արարքը հասարակության մեջ լուրջ դժգոհություն է առաջացրել, եւ բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարել են 2024թ. փետրվարի 24-ին Էջմիածին մեկնելու եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անդրանիկ Դովլաթյանի նշված արարքները պարունակում են առնվազն երկու հանցագործության հատկանիշներ, այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին:

Հիշեցնեմ, որ խուլիգանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդված) հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելն է, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, իսկ եթե այդ արարքը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ապա պատժվում է նաեւ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեր կարծիքով՝ նշված արարքները պետք է քննարկել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի համատեքստում (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը):

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի նկատմամբ հրապարակային լկտի զրպարտչական նյութը թշնամանք է առաջացնելու երկու ազգերի միջեւ:

Եթե իրավապահ համակարգը պատշաճ իրավական գնահատական չտա Անդրանիկ Դովլաթյանի եւ նրա գաղափարակիցների վարքագծին, ապա ատելության այս հողի վրա բախումներն անխուսափելի են լինելու:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով ճանաչել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հոգեւոր հայրերի նկատմամբ նման հանցավոր դրսեւորումները շատ վտանգավոր սերմեր են պարունակում եւ արյունահեղության մեծ ռիսկեր են պարունակում: Նաեւ հայ ժողովրդի կրոնական զգացմունքների դեմ ուղղված այս հանցավոր դրսեւորումը պետք է կանխվի օրինական ճանապարհով»:

 

 




Լրահոս