Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 12-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի դատախազություն՝ ամփոփելու մարզի դատախազության կատարած աշխատանքները:
Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:
Մարզի դատախազ Սեւակ Պողոսյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության կատարած աշխատանքները. զեկույցում ներառվել են տվյալներ՝ հանցավորության վիճակի, հանցագործությունների բացահայտման, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին վերաբերյալ:
Հանցավորության վիճակին անդրադառնալով՝ մարզի դատախազը նշել է, որ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 3102 դեպք (2022 թվականին՝ 2519 դեպք): Հանցագործության դեպքերն աճել են 583-ով կամ 23,1%-ով. բացահայտման ցուցանիշը նվազել է՝ 29,2%՝ 2022 թվականի 47,1%-ի դիմաց:
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց:
Անդրադառնալով սպանությունների, սպանության փորձերի եւ ավազակային հարձակումների դեպքերին՝ մարզի դատախազը հայտնել է, որ 2023 թվականին արձանագրվել է ավազակային հարձակման 9 դեպք՝ նախորդ տարվա 6-ի դիմաց, այսինքն՝ 3 դեպքով կամ 50 %-ով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 11,1%՝ 2022 թվականի 100%-ի դիմաց:
Սպանության (առանց հանկարծամահության) դեպքերը նվազել են 1-ով՝ կազմելով 8 (2022 թվականին՝ 9): Բացահայտ
ման ցուցանիշը կազմել է 50%՝ 2022 թվականի 88,9%-ի դիմաց:
2023 թվականին նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները. 2023 թվականին արձանագրվել է 63 դեպք (2022 թվականին՝ 92):
Նվազել են բնակարանային գողության դեպքերը. մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է բնակարանային գողության 105 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 128-ի դիմաց:
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել է 17 վարույթ (2022 թվականին՝ 13): Դեպքերը վերաբերում են կրթության, առողջապահության ոլորտներին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին. քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է 17 մլն 883 հազար դրամ, որից վերականգնվել է 14 մլն 810 հազար դրամը:
2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 803 վարույթ՝ 844 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 237 վարույթ՝ 260 անձի վերաբերյալ):
2023 թվականի ընթացքում 40 անձի վերաբերյալ դատարաններում ավարտված 40 քրեական գործով կիրառվել է համաձայնեցման վարույթ:
Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հարուցված հայցերով դատարանի վարույթում 2023 թվականին քննվել եւ քննվում են 13 հայցադիմումներ՝ 114 մլն 797 հազար դրամի եւ 33 հազար 145 ԱՄՆ դոլարի չափով հայցապահանջով:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների, ընդհանուր օգտագործման տարածքների, ջրավազանների, անտառային տարածքների եւ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով՝ օտարման ոչ ենթական տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները:
Անդրադառնալով 8 ամսից ավելի տեւող վարույթներին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող վարույթները, քննարկվել են դրանց շրջանակում փողերի լվացման դեպքերը: Շեշտադրվել է կոռուպցիոն վարույթներին զուգահեռ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու անհրաժեշտությունը:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԵՂԻՆԱԿԸ՝ «ՄԱՅՐԵՆԻ»-ՈՒՄ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի հեղինակի պատմվածք։
Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը՝ որպես կառույց, որը պատասխանատու է դասագրքերի փորձաքննությունը պատշաճ իրականացնելու համար, պետք է հետեւողական լինի, որպեսզի հեղինակները դասագրքերում չզետեղեն այն, ինչ ուզում են:
«Այս տարվա համար հայտարարված դասագրքերի փորձաքննությունը կհանձնարարվի համապատասխան կառույցներին՝ գրքերը գիտականության մասով փորձաքննելու համար»,- ասաց Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ այս տարվա ընթացքում դասագրքերի վերաբերյալ նման մասշտաբով խնդիրներ չեն արձանագրվի:
«Հեղինակներն են որոշում, թե ինչ պատմվածքներ պետք է տեղ գտնեն դասագրքերում: Հեղինակներն իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն եւ որոշեն, թե որ ազգի հեղինակի նյութը զետեղեն դասագրքում: Գրքերի ստեղծման գործընթացը անկախ գործընթաց է: Անցյալ տարի առաջին անգամ էր իրականացվում փորձաքննությունը: Մենք, ենթադրելով, որ ուսուցիչները դասագրքերի հետ աշխատելու ամենափորձառու խումբն են, փորձագետների հավաքագրման բաց մրցույթ էինք հայտարարել։ Մեծամասամբ ուսուցիչներ էին դիմել, եւ հենց ուսուցիչներն են փորձաքննել այդ բոլոր դասագրքերը: Հաշվի առնելով, որ հիմա դասագրքերում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք վեր են հանվում՝ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե փորձաքննությունը այլ կերպ կազմակերպվեր, այդ խնդիրները փորձաքննության փուլում հնարավոր է դուրս գային եւ խմբագրվեին: Դրանից ելնելով՝ մենք փոխել ենք փորձաքննության գործընթացը»,- մեկնաբանեց Սվաջյանը:
Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում օրերս տարածվել էր տեղեկություն, թե 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ներառվել է ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն։
Ն. ԱՂԱՍՅԱՆ
ՓՈԽԱՆԱԿ ՕՊՏԻՄԱԼԱՑՆԵՆ
Մի քանի տարի առաջ սահմանամերձ Նոյեմբերյանում, Բերդում զինկոմիսարիատները, «սանէպիդկայանները» օպտիմալացրին, փակեցին Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի պետռեգիստրի ստորաբաժանումները, պետռեգիստրի հետ կապված գործերով սահմանամերձ Նոյեմբերյանի, Բերդ համայնքների բնակիչները այժմ ստիպված են 70-100 կմ ճանապարհ կտրել, հասնել Իջեւան։ Մինչդեռ, հարկ է օպտիմալացնել մարզպետարանները, որոնք, 80-100 հաստիք ունենալով, մարզերում կառավարության ֆունկցիաները կրկնում են։ Մարզպետարանները ընդամենը 2 ոլորտ են կառավարում՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ բուժհիմնարկները, այն էլ՝ ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Համայնքների խոշորացումից հետո ավելի հեշտ ու արդյունավետ է դարձել կառավարություն-համայնքներ կապը. էլ ի՞նչ կարիք կա այդ գործում միջնորդ մարզպետարանների։ Մարզպետարանների տասնյակ պաշտոնյաներ զանազան ծրագրեր են կազմում, որոնց բացարձակ մեծամասնությունը մնում է թղթի վրա, չի իրականացվում։ Այդ պաշտոնյաները, համեմատաբար բարձր ռոճիկից զատ, պետբյուջեից պարբերաբար պարգեւավճարներ են ստանում; 2023 թվականին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները ավելի քան 71 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել: Հայաստանը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգեւավճարներ բաժանի։
ՉԻՆԱՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է
Համացանցում տարածված է արցախցի Մարիամ Օհանյանի 25-օրական երեխայի լուսանկարը, որը մայրիկի հետ այժմ Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղում է։ Նշված է, որ փոքրիկը արհեստական կաթ է ուտում, մայրը չի աշխատում, օգնող չունի, չի կարողանում նորածնին ապահովել արհեստական կաթով։ Համացանցում կոչ է արվում գումար նվիրաբերել նորածնի սննդի համար: Չինարի բնակավարի նախկին վարչական ղեկավար, այժմ Բերդի համայնքապետարանի առաջատար մասնագետ Սամվել Սաղոյանը հայտնեց, որ 18 տարեկանը չլրացած մայրը՝ Մարիամը, փետրվարի 10-ին է Էջմիածնից տեղափոխվել Չինարի՝ այնտեղ հաստատված քեռու 10-հոգանոց ընտանիք։ Սաղոյանը Մարիամին հորդորել է Բերդ համայնքում հաշվառվել, սակայն նրա տատի հիվանդանալու պատճառով Մարիամը հաշվառվել է փետրվարի 12-ին։ Ս. Սաղոյանը Մարիամի համար Չինարիում առանձնատուն է ճարել, այնտեղ միացրել էլեկտրական հոսանքը։ Մարիամի նորածինը սնվում է արհեստական կաթով, որը բավական թանկ է, սակայն Բերդ համայնքը, Չինարի գյուղը պատրաստակամ են աջակցել Բերձորից տեղահանված միայնակ կնոջը։ Չինարիում հոգատար վերաբերմունք կա գյուղում հաստատված արցախցիների նկատմամբ, նրանց խնդիրները լուծելուն օգնում են նաեւ Մոսկվայում ապրող չինարեցիները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ