ԱՐՏՈՆՅԱԼ ԵՐԵՄՅԱՆՆԵՐԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը, Yeremyan Projects-ի շուրջ աղմկահարույց բացահայտումներին զուգահեռ, սկսում է շարք, թե ինչպես Yeremyan Projects-ը դարձավ ներկայիս իշխանությունների սիրելի ընկերությունը։

Բանն այն է, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին անհայտ աղբյուրից  խոշոր գումարներ հանգանակելուց, Դավիթ Երեմյանի ընկերությունները մասնակցում են պետական մասշտաբի տարբեր մրցույթների։ Հաղթում են այդ մրցույթները մեկ պարզ հանգամանքի շնորհիվ՝ իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են:

Օրինակ՝  2024 թվականի սկզբից մինչ այսօր «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովը կնքել է 5 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։ Ընկերության կողմից որպես լիազոր անձ հանդես է գալիս Ալեքսանդր Գասպարյանը: Պայմանագիրը կնքված է մինջեւ սույն թվականի դեկտեմբերի 30-ը։

Ըստ պայմանագրի՝ ՍՊԸ-ն պարտավորվում է կազմակերպել  պատվիրակությունների ընդունման հյուրասիրության ծառայությունների մատուցում։

Ծառայություններում, ըստ պայմանագրում տեղ գտած բնութագրի, նշված է, որ պետք է մատուցվեն տաք եւ սառը խորտիկներ, տաք ուտեստներ, ապուրներ, տաք ըմպելիքներ, աղցաններ, խավարտներ, ալկոհոլ եւ այլ ուտեստներ։

Այս պայմանագրով նշված բոլոր ծառայությունները մատուցվելու են այն ռեստորաններում, որոնք պատկանում են Երեմյաններին, օրինակ ՝ «Լիվինգսթոն», պանդոկ «Երեւան Գետափին», «Լավաշ», «Կազան Նոստրա», «Շերեփ» եւ այլն։ Ընդ որում՝ շատ դեպքերում ծնունդների, կնունքների, ատամհատիկների կողքին պաշտոնական պատվիրակություններ են ընդունվել:

Հետաքրքիրն այն է, որ պատվիրակություններին հյուրասիրելու համար նախատեսված է 78 հազար դրամ արժողությամբ սեւ ձկնկիթ, բրենդի  Erebuni 50 եւ 70 տարեկան, որոնց արժեքը համապատասխանաբար 115 հազար եւ 250 հազար դրամ է։ Պատվիրակությունները նաեւ փորձելու են 315 հազար դրամ արժողությամբ Don Perignon Limited շամպայնը։ Հետաքրքիրն այն է, որ այս շամպայնի 0,75 մլ Don Perignon Vintage տարբերակը սուպերմարկետներում արժի 130 հազար դրամ, իսկ Don Perignon  Vintage Rose 0,75 մլ արժե 225 հազար դրամ։

Պայմանագրի գնման ընթացակարգը կատարվել է մեկ անձից սկզբունքով, եւ այլ ընկերության շանս չի տրվել կատարելու այս ծառայությունը, ինչը խոսում է հնարավոր «պոզով եւ պոչով» կոռուպցիայի մասին։

 

 

 

 

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի երեկվա հրաժարականն անակնկալի է բերել ՔՊ-ականներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում մի քանի հոգի են իմացել միայն նախարարի հրաժարականի մասին, իսկ մյուսները նրա գրառումից են իմացել լուրն ու անակնկալի եկել: Ավելին՝ ՔՊ-ականների, մասնավորապես՝  խորհրդարանականների սրտով այնքան էլ չի եղել Քերոբյանի հրաժարականը. ոմանք նաեւ անթաքույց ափսոսանք են հայտնել,  քանի որ լավ հարաբերություններ են ունեցել նրա հետ. ի տարբերություն շատ այլ նախարարների՝ Քերոբյանը մշտապես հասանելի է եղել թիմակիցների համար, ու նրա հետ կարողացել են աշխատանքը հեշտ կազմակերպել: Մի խոսքով, մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը։

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են եւ՛ Փաշինյանը, եւ՛ իշխանության, եւ՛ ՔՊ վերնախավի ներսում: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը այդ հարցում եւս մտափոխվի: Գերատեսչության բոլոր ղեկավարներից, կառավարության ենթակա բոլոր մարմիններից, վարչապետին ենթակա բոլոր մարմինների ղեկավարներից Փաշինյանը դժգոհ է ու մարդկանց է փնտրում՝ մեկը մյուսով փոխարինելու համար: Վարչապետը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած. օրենսդիր մարմնի անդամներին, որոնք իր հավատարիմներն են, վստահում է, առաջարկում է տեղափոխվել գործադիր մարմին: Այդ հարցում, սակայն, դեռեւս հաջողություն չունի. պատգամավորները հրաժարվում են նախարարի պորտֆեյլ վերցնել: Այս պահին Փաշինյանի հույսը կադրային բանկն է, բայց, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, այնտեղից էլ չի կարողանում մարդ գտնել:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2024  թվականի հունվարի 30-ին ձեռք է բերել սրճեփ, որի արժեքը կազմել է 299 հազար 999 դրամ։ Սրճեփը եղել է DELONGHI մակնիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։ Ըստ պայմանագրի՝ սրճեփը պետք է ունենա հետեւյալ բնութագիրը՝ աղացի աստիճանների քանակ՝ 13, աշխատանքային ճնշումը՝ 15 բար, սուրճի պատրաստման տեսակները՝ աղացած/հատիկավոր, հատիկավոր սուրճի տարայի տարողությունը՝ առնվազն 250 գրամ, հզորությունը՝ 1450 Վտ, ջրի տարողությունը՝ 1.8լ, ավտոմատ անջատման եւ գավաթի տաքացման ֆունկցիոնալությամբ, Էկրանի, ջրի ֆիլտրի եւ շարժական կաթի տարայի առկայություն, սուրճի պատրաստման տեսակները՝ էկսպրեսսո, կապուչինո, լատե, մակիատո: Ապրանքը պետք է լինի նոր եւ չօգտագործված: Գույնը համաձայնեցվում է պատվիրատուի հետ: Սրճեփի երաշխիքը նախատեսված է մեկ տարի ժամկետով։ Հավելենք նաեւ, որ վարչապետի աշխատակազմը 2018 թվականից կենցաղային տեխնիկաներ գնելու հակում ունի։ Գնվում են 500 հազար դրամանոց հեռուստացույցներ, գնվել է 35 սառնարան՝ 1 մլն 960 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ստացվում է, որ վարչապետին ենթակա մարմիններն ամեն ինչ անում են իրենց տանը զգալու համար։

 




Լրահոս