«Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը դեռ նախորդ տարի՝ սեպտեմբերին, ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, սակայն նրա դիմումը մինչ օրս չի հաստատվել, ու փաստացի նա շարունակում է հանդիսանալ ավագանու անդամ՝ չներկայանալով նիստերին: Քաղաքային իշխանությունն ընդամենը օրեր առաջ մանդատից զրկեց ավագանու անդամներ Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին եւ Նարինե Հայրապետյանին՝ անհարգելի բացակաների եւ քվեարկություններին չմասնակցելու հիմքով: Մինչդեռ, մյուս խմբակցությունում՝ «Հանրային ձայն»-ում եւս կան երկու անդամներ՝ Արտակ Գալստյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, որոնք առհասարակ նիստերին չեն մասնակցել, քանի որ Արտակ Գալստյանը կալանքի տակ է, իսկ Ուրիխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված. նա երկրում չէ: Քաղաքային իշխանությունները, սակայն, ձեռնպահ մնացին որեւէ քայլ ձեռնարկել «Հանրային ձայն»-ի անդամների նկատմամբ: Այս առիթով մի քանի հարց ենք ուղղել Տիգրան Ուրիխանյանին:
-Պարո՛ն Ուրիխանյան, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր նկատմամբ իշխանությունները բարեհաճ գտնվեցին ու Ձեզ մանդատից չզրկեցին: Ձեզ համար հասկանալի՞ է պատճառը:
-Կարծում եմ, այո՛, «պրիդուրոկի» իշխանությունը հաշվարկել է, որ հենց մեկ ձայնի տարբերությունը, որով իշխանություն կոչեցյալը պարտվեց մայրաքաղաքում ընդդիմադիր եւ իբր ընդդիմադիր ուժերին, հիմա այդ մեկ ձայնը չեզոքացված է պահում: Ակնհայտ է իրենց շահագրգռվածությունը, բայց դա երկար տեղի չի ունենա, վաղ թե ուժ մանդատն անցնելու է այլ մարդու, ոըը եւ անակնկալներ կմատուցի իշխանությանը, ներկա է գտնվելու նիստերին: Այսինքն՝ ինձ մանդատից չեն զրկում, բայց միեւնույն ժամանակ կոչեր հնչեցնելու համար քրեական գործը առկախված պահում են, որպեսզի օգտվեն այդ մեկ ձայնի բացակայությունից:
-Իսկ ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելը Ձեզ համար ընդունելի՞ էր, ի՞նչ գնահատական կտաք:
-Շատ վատ եմ վերաբերվում. փառք Աստծո, իմ մանդատն ինձ մոտ է, ու այդ մանդատը ներկա չի գտնվել նիստին: Յուրաքանչյուրի մասով առանձին դիրքորոշում կա, տարբեր մարդիկ են: Օրինակ՝ նախկին քաղաքապետ կա, որը հասարակությանը բաժանեց սեւերի ու սպիտակների, մսխեց Երեւանի բյուջեն, ես էլ փաստ ունեմ մոտս՝ շինթույլտվության եւ ավարտական ակտի համար կաշառք տալու վերաբերյալ, եթերներումս բազմիցս խոսել եմ այս մասին, բայց գործ այդպես էլ չի հարուցվել:
-Պարո՛ն Ուրիխանյան, Դուք ի՞նչ եք պատրաստվում անել. թեեւ մանդատը վայր դնելու դիմում եք ներկայացրել, բայց դիմումը չի ընդունվել, Դուք հանդիսանում եք այս պահին ավագանու անդամ:
-Իմ բոլոր քաղաքական գործողությունները նպատակ են ունեցել այս իշխանություններին Հայաստանի կառավարումից դուրս շպրտել, հետեւաբար ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքի մասշտաբով, կառավարչական կամ այլ, ծառայելու են այդ նպատակին: Ես նպատակ չեմ ունեցել ավագանու ընտրությունների արդյունքում մասնակցել Երեւանի կառավարմանը, հենց սրանով էլ պայմանավորված է եղել, որ դեռ սեպտեմբերին ես ինքնաբացարկի եւ մանդատից հրաժարելու դիմում եմ ուղարկել, որը նաեւ պաշտոնապես հրապարակվել է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլսին, որը նոր է ստանձնել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում. հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման առումով: Նշելով, որ Հունաստանի հետ Հայաստանն ունի հագեցած օրակարգ՝ դրա իրացման համատեքստում վարչապետը կարեւորել է կառավարությունների միջեւ ակտիվ եւ ինտենսիվ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցության օրակարգին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
ԱՆՀԻՄՆ Է ՈՐԱԿԵԼ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հանդիպանը եւ վերջինիս հայտարարությանն այն մասին, որ սահմանին ադրբեջանական կողմի գործողությունները եղել են ոչ համաչափ: Գերատեսչությունը Բորելի խոսքը անհիմն է որակել: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դիվանագիտության ղեկավարին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար:
Բաքուն անդրադարձել է նաեւ Բորելի դիտարկմանը, որ սահմանային վերջին լարվածությունն ապացուցում է զինված ուժերի հետքաշման անհրաժեշտությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ առաջարկը «գործնական նշանակություն չունի»:
Ադրբեջանական կողմը նաեւ պահանջել է Լեռնային Ղարաբաղից հայերին «բռնի տեղահանվածներ» չանվանել:
«Ափսոսանք է առաջացնում այն, որ չնայած Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին՝ արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայամետ դիրքորոշում է որդեգրել եւ այդպիսով անջրպետ է ստեղծում Ադրբեջանի եւ ԵՄ ինստիտուտների միջեւ, ինչպես նաեւ մեկուսացնում է իրեն Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ
Բրյուսել այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները եւ իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա»,- հայտնում են Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունից:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:
ՀԱՆՁՆԱՌՈՒ Է
ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 13-ին տեղի ունեցած բախումների առնչությամբ եւ կարծում է, որ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մեզ մտահոգում են մահացու ելքով ռազմական բախումների մասին հաղորդումները, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է։ Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի եւ պատշաճ հասցեագրվի», – ասել է Միլլերը ճեպազրույցի ընթացքում։
Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանձնառու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին։ Ինչ վերաբերում է փետրվարի 16-ին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Բլինքենի հնարավոր հանդիպմանը, Միլլերը նշել է, որ պետքարտուղարի օրակարգի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ։