ԿԱՐԵՎՈՐ՝ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա շատ կարեւոր էր հայ համայնքի համար։

 

Այս մասին ասաց Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Նիկողոս Հակոբյանը՝ ամփոփելով նախագահի այցը Բուդապեշտ։

«Նախագահի այցը շատ կարեւոր էր Հունգարիայի հայ համայնքի համար, քանի որ երկար տարիներ չկային դիվանագիտական հարաբերություններ։ Հույս ունենք, որ նախագահի այցը հետագայում խթան կհանդիսանա աշխուժացնելու երկու երկրների միջեւ կապերը թե՛ մշակույթի, թե՛ գիտության, թե՛ առեւտրի ոլորտներում։  Բոլորիս համար մեծ պարծանք էր նախագահի այցը. վերջապես Հունգարիայում ապրող հայերը հասկացան, որ շարժվեց մի սառույց, որ 12 տարի կանգնած էր։ Հուսով ենք, որ այդ այցը սկիզբն է մեր բարեկամական կապերի զարգացման առումով»,- ընդգծեց Հակոբյանը։

Այս համատեքստում Հունգարիայի խորհրդարանի պատգամավորը կարեւորեց հայ համայնքի աշխատանքը։

«Ինչպես Հայաստանի նախագահը նշեց, Հայաստանը պետք է բոլոր պետությունների հետ ունենա լավ հարաբերություններ։ Չմոռանանք, որ հուլիսից Հունգարիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը, եւ դա շատ կարեւոր նշանակություն ունի մեզ համար։ Որպես հայ համայնք՝ մենք էլ այստեղ շատ աշխատանք ունենք իրականացնելու»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Հայաստանը ինչ ուղղությամբ պետք է աշխատի Հունգարիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար, Հակոբյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ՝ Հունգարիան շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը։ Դա շատ կարեւոր է մեզ համար։ Տարիներ շարունակ Հունգարիան շատ ճկուն քաղաքականություն է վարում. ինչպես Հայաստանն է կարեւոր Հունգարիայի համար մշակութային, կրոնական առումով, այնպես էլ Թուրքիան ու Ադրբեջանը՝ բիզնեսի եւ առեւտրի առումով։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք զգոն ու աշխույժ»,- շեշտեց Նիկողոս Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հունգարիան շատ վաղուց էր պատրաստակամ հայ-հունգարական հարաբերությունները վերականգնելու հարցում։

«Շատ անգամ հունգարական կողմը հայ համայնքին էր խնդրում, որպեսզի մենք լինենք հարաբերությունների վերականգնման կամուրջը եւ կարողանանք այդ հարաբերությունները շտկել: Հունգարիան միշտ դիմել է հայ համայնքին, որպեսզի դիվանագիտական կապերը նորից վերականգնվեն, եւ երկու պետությունների միջեւ լինի առեւտուր եւ շարժ։ Ինչպես Հայաստանի նախագահն ասաց, քաղաքականության մեջ պետք է լինել պրագմատիկ եւ ճկուն»,- եզրափակեց Հակոբյանը։

Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ. դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

«ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՍԵՐՄԵՐ ԵՆ ԴՆՈՒՄ»

«Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է»,-ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա արձագանքել է երկու երկրների միջեւ տեղի ունեցած վերջին սրացմանը, խոսել նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։

 

Պատգամավորի խոսքով՝ առճակատման նոր դրվագը հերթական անգամ մեծացնում է լարվածությունը ավանդաբար թշնամական համարվող երկրների հարաբերություններում։

«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել, ինչպես ասում են բակում ծեծկռտուքից առաջ, բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա օգտագործել է որպես ուժի եւ վրեժի դրսեւորման պատրվակ եւ այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։

Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է շատ զիջի ցանկացած համաձայնագիր ստորագրելիս. կարծում է խորհրդարանականը։ Նա հավելել է, որ Բաքուն դադար է վերցրել նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որի ժամանակ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը կրակի վրա յուղ է լցրել՝ քվեարկելով Ստեփանակերտում, որը տեղացիներն անվանում են Խանքենդի, եւ որտեղ հայ բնակչություն չկա։

«Ես Ադրբեջանի ընտրությունների դեմ ոչինչ չունեմ, սա իրենց ներքին խնդիրն է, բայց այս ընտրությունները շատ խմորված էին հաղթողի սինդրոմով, ինչը հաստատվեց Ալիեւի քվեարկությամբ Ստեփանակերտում։ Սա, կարծում եմ, արտացոլումն է այն բանի, որ, ըստ ամենայնի, այս պահին չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածքային ամբողջականության ճանաչման եւ այլնի մթնոլորտ եւ կոնկրետ պայմաններ։

Դրա շուրջ հակասությունները շարունակվում են, եւ տրամաբանական հարց, որը ծագում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, այն է, որ Փաշինյանի կառավարությունը, որը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվեց իր հայրենակիցների բոլոր աջակցությունից, կուլ տվեց զանգվածային արտագաղթը Ղարաբաղից եւ, բացի այդ, սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի՞նչ շահեց նա այդ ճանապարհին, եթե չկա նոր հրաշալի աշխարհ, բայց կան այնպիսի բախումներ, ինչպիսին երեկ եւ այսօր է։ Ըստ երեւույթին, մենք շատ հեռու ենք Անդրկովկասում իրական խաղաղությունից»,- ասել է նա:

Միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակները, չեն հանգեցնում անհապաղ խաղաղության, այլ նոր հակամարտությունների եւ առճակատման դրվագների սերմեր են դնում. եզրափակել է պատգամավորը։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ:

Այս մասին փետրվարի 14-ին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների եւ անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ»,- նշել է Զախարովան եւ հավելել՝ այդ շփումները ձեւավորված են կառուցողական հիմքի վրա եւ կրում են պարբերական բնույթ:

 

 

 

ԱԶԴՈՒՄ ԵՆ ԴՐՍԻՑ

ՀԱՊԿ-ը համարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման հավանականությունը մեծ է, եւ իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Առանձին պետությունների կողմից Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու եւ դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր են արձանագրվում։ Դրա համար, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ հավանականությունը։ Իրավիճակի հետագա կարգավորման գործում կարեւոր է մնալու հաշտության համաձայնագրի կնքումը», – Սերդյուկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն Արեւմուտքին մեղադրել է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

«Չնայած Հայաստանի անդամակցությանը կազմակերպությանը` դրսից շարունակվում են փորձերը՝ ազդելու հետկոնֆլիկտային կարգավորման ձեւաչափի վրա», – նշել է ՀԱՊԿ պաշտոնյան։

Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած,  ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ։




Լրահոս