ՈՉ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները եւ տարածքը, այն է՝ ք. Երեւան, Հրազդանի կիրճ 4 հասցեում գտնվող Հրազդան մարզադաշտը՝ շուրջ 62 հազար քմ մակերեսով շինությունները եւ 14 հա հողամասը, վարձակալության են հանձնվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն):

Վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը եւ 61,660,3 քմ մակերեսով շինությունները (մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը), Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1333-Ն որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձեւով օտարվել են վարձակալին՝ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը: Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը (ուսումնասիրության նյութերում առկա չէ նման գնի վերաբերյալ որեւէ հիմնավորում, հաշվի չի առնվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից առավել իրատեսական գին սահմանելու նպատակով):

Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարվել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ, Գլխավոր դատախազության ուսումնասիրության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Ընկերության կողմից 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դրանց վերաբերյալ տեղեկություն առկա չէ «Հրազդան» մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում, առկա չէ նաեւ վարձակալի կողմից վարձատուին ներկայացված՝ կապիտալ ներդրում կատարելու վերաբերյալ որեւէ ակտ կամ գրավոր տեղեկություն։

2005 թվականի հունվարի 7-ին Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ՝ նույն ընկերության բաժնետեր Ա.Ա.-ն իր վրա է վերցրել 2004 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունները՝ մինչեւ 2009 թվականը 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին (ըստ Պետական գույքի կառավարման վարչության՝ Ա.Ա.-ի կողմից կատարված ներդրումները համարվել են ընդունված):

2010 թվականին Ընկերությունը վերանվանվել է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության, որից հետագայում առանձնացվել են ««Եվրոպարկ» առեւտրի կենտրոն» ԲԲ ընկերությունն ու «ՍՈԼԻԴՈՒՍ» ՓԲ ընկերությունը:

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի վճռով՝ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2019 թվականին Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ։

Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված ոչ արժանահավատ տվյալների հիման վրա՝ Կառավարությունը տվյալ ժամանակահատվածում շուրջ 11 մլրդ 558 մլն դրամ շուկայական արժեք ունեցող, ներկայում 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող գույքը՝ «Հրազդան» մարզադաշտը, վաճառել է ընդամենը 87 մլն 520 հազար դրամով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2024 թվականի փետրվարի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) եւ 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՄԲ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է՝ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են իրականացվում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ ՔԿՀ-ներում կալանավորվածների խցերում արգելված իրեր են փնտրում եւ հավաքում։

 

Մեր տեղեկությունների համաձայն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, երբ հերթական ստուգումներն են իրականացվել, կալանավորվածները իրենց ըմբոստությունը ցույց տալու համար սկսել են ինքնավնասումներ կատարել։

Ըստ մեր տեղեկությունների՝ մեկը սափրիչի ծայրով վնասել է արմնկային հոդը, 2-ը կուլ են տվել սափրիչի ծայրը, 3-ը կուլ են տվել երկաթի կտոր։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ «BMW»-ՆԵՐԸ

Արմավիրի պարեկները փետրվարի 8-ին՝ Մերձավան գյուղում ծառայություն իրականացնելիս՝ գիշերվա ժամը 1-ին, ստուգման նպատակով կանգնեցրել են մի «ԲՄՎ»: 24-ամյա արթիկցի վարորդի ու 25-ամյա մերձավանցի ուղեւորի վարքագիծն Արմավիրի պարեկներին թվացել է կասկածելի: Թմրանյութ ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ էլ պարեկների կասկածները հաստատվել են. թեեւ անձնական խուզարկությամբ նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն, ըստ ուղեւորի, մեքենայի սրահում կա կաթուցիչ եւ թղթե փաթեթ` երկուսն էլ լցված դեղնականաչավուն զանգվածով:

Նա հավելել է, որ թմրամիջոցն իրենն է, հումքն էլ ինքն է հավաքել կանեփի վայրաճ թփերից եւ իր օգտագործելու համար պատրաստել թմրանյութ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նույն օրը՝ Մարգարայի խճուղում ծառայելիս, Արմավիրի պարեկները կանգնեցրել են մեկ այլ «ԲՄՎ»: Ստուգման ընթացքում մեքենայի 25-ամյա երեւանցի վարորդն ու գրեթե հասակակից ուղեւորները դրսեւորել են կասկածելի վարք:

Երեկոյան ժամը 9-ի կողմերը թմրամոլության կասկածանքով երեքն էլ ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ ուղեւորներից մեկը գցել է երեք փաթեթ: Բացի վարորդից, մյուս երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, նաեւ բյուրեղանման զանգված, իսկ հայտնաբերված երեք կաթուցիչից երկուսում կանեփանման զանգված էր: Երկուսն էլ հայտնել են, որ հայտնաբերվածն իրենցն է` անձնական օգտագործման համար: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հաջորդ օրը զննություն է կատարվել Մարգարայի խճուղում: Հիշյալ «ԲՄՎ»-ից մոտ երեք մետր հեռավորության վրա հայտնաբերվել է երեք փաթեթ՝ երկուսը լցված դեղնականաչավուն, մեկը` բյուրեղանման զանվածով: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ

ՆԳՆ-ից տեղեկացնում ենք, որ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզների եւ քննիչների կողմից նշված տանը խուզարկություն կատարվեց: Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափերի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ պահեստատուփով, առանց գործարանային համարի երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, «Ֆ-1» եւ «ՌԳԴ-5» տիպի նռնակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 48 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ եւ ինքնաձիգի հարվածային մեխանիզմ:

 

 




Լրահոս