ԿԱՐԵԼԻ Է ԽՆԱՅԵԼ ՄՈՏ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսում ենք մինչեւ 2030 թվականը հասցնել 461 միլիարդ դրամի՝ ավելի քան 500 միլիոն դոլարի»,-  փետրվարի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսատնտեսական գծով տնօրեն Արմեն Արշակյանը։

 

Նա պարզաբանեց, որ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավման նպատակով ներդրումների ընդհանուր ծավալը կավելացվի մինչեւ 160 մլրդ դրամով, իսկ նոր բաժանորդների միացման եւ ցանցի հնարավորությունների ընդլայնման համար՝ մինչեւ 171 մլրդ դրամով։

Արշակյանը հավելեց, որ միջոցներ կներդրվեն նաեւ տեխնիկական եւ առեւտրային կորուստների մակարդակը նվազեցնելու համար։

Համեմատության համար ընկերության ներկայացուցիչը բերեց 2002-2015 թվականների թվերը, երբ ներդրումների տարեկան ծավալը միջինը կազմում էր 5-16 մլրդ դրամ, որոնք ուղղված էին ոչ թե համակարգի զարգացմանը, այլ պահպանմանը։

«Բայց 2016-2023 թվականներին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 235 մլրդ դրամ՝ տարեկան միջինը 35 մլրդ դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Եթե 2002-2003 թվականներին տեխնիկական եւ առեւտրային կորուստների մակարդակը կազմում էր 21%, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 6,6%: Էլեկտրաէներգիայի կորուստների կրճատման արդյունքում համակարգի համար տարեկան հնարավոր է խնայել 14 մլրդ դրամ, ընկերության օպտիմալացման արդյունքում՝ 3,6 մլրդ, գործառնական ծախսերի կրճատմամբ՝ 2,7 մլրդ դրամ»,- նշեց նա։

Արշակյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, տարեկան կարելի է խնայել մոտ 20 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է տալիս մեղմել սպառողների սակագնային բեռը եւ ավելի չմեծացնել այդ բեռը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր հերթին խոստովանեց, որ կան խնդիրներ՝ նշելով, որ անհնար է անմիջապես վերակառուցել ամբողջ ցանցը եւ ակնթարթորեն արդյունքի հասնել։

Նա ընդգծեց, որ ներդրումներին զուգահեռ պետք է լինեն բարելավումներ, իսկ կտրուկ փոփոխությունների հասնելու համար միանվագ ներդրումներով խնդիրը լուծելը կհանգեցնի սոցիալական խնդիրների կտրուկ աճի։

«Մեր ներդրումները նպատակային են։ Ընկերությունն ամեն ինչ անելու է մատակարարվող էլեկտրաէներգիայի որակն ու արդյունավետությունը բարելավելու համար։ 2016 թվականից սկսած՝ ներդրումների ծավալը տարեկան միջինը հինգ անգամ աճել է. սա աննախադեպ ցուցանիշ է էներգետիկ համակարգի համար։

Ներդրումները կատարվում են ոչ միայն ներգրավված միջոցների հաշվին, այլեւ ընկերության շահույթի հաշվին: 2016 թվականից մեր ընկերության հետ սկսեցին աշխատել միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք հնարավորություն տվեցին վարկային միջոցներ ներգրավել շուկայականից շատ ավելի ցածր գնով։ Այս բոլոր միջոցները հավաքագրվել են առանց պետական երաշխիքների, այսինքն՝ լրացուցիչ բեռ են ստեղծել պետական բյուջեի վրա»,- ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեկտեմբերին թողարկել է 32 մլրդ դրամի պարտատոմսեր, որոնք բաշխվել են սպասվածից ավելի արագ։ «Սա դարձավ դրամային արտահայտությամբ պարտատոմսերի ամենամեծ թողարկումը երկրում։ Դրամական արտահայտությամբ պարտատոմսերի 36,1%-ը ձեռք է բերվել բանկերի, 53%-ը՝ կենսաթոշակային հիմնադրամների, 10,8%-ը՝ մանրածախ ներդրողների կողմից։ Ընդհանուր առմամբ, ներդրողների թիվը 311 է, որից միայն 14-ն են բանկեր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ, 297-ը՝ ֆիզիկական եւ այլ իրավաբանական անձինք։ Պարտատոմսերը հասանելի կլինեն բորսայում, եւ բոլորը կկարողանան դրանք ձեռք բերել երկրորդային շուկայում»,- ընդգծեց ընկերության ղեկավարը։

Նա վստահեցրեց, որ ընկերության ֆինանսական կայունությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա՝ վկայակոչելով Moody’s գործակալության ցուցանիշները, որը ՓԲԸ-ին շնորհել է B2 վարկանիշ՝ ամենաբարձրը Հայաստանում։ «Մարզում նույն վարկանիշով 2-3 ընկերություն կա»,- եզրափակեց Կարեն Հարությունյանը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԿՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԵՆ ՏԵՐԵՐԻ ՀԵՏ

Ընտանի կենդանիների գլխաքանակը կանոնակարգելու եւ վերահսկելու նպատակով առաջիկայում կենդանիները  պարտադիր կհաշվառվեն եւ կնույնականցվեն իրենց տերերի հետ:

 

Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը՝ ընդգծելով, որ չնայած այս մասով  այժմ Երեւանի ավագանու որոշում կա,   բայց լծակները մի փոքր թույլ են:

«Առաջիկայում նախատեսում ենք որոշման փոփոխություն, որից հետո ընտանի կենդանիները պարտադիր պետք է հաշվառվեն կենդանիների համար նախատեսված միկրոչիպերով կամ դաջվածքներով։ Դրանից հետո  էլ արդեն կնույնականացնենք կենդանուն տիրոջ հետ: Արդյունքում կենդանու նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք դրսեւորելու դեպքում վարչական տույժի կենթարկվի»,- նշեց Առաքելյանը։

Նա ընդգծեց, որ կենդանիների հաշվառումը, չիպավորումն ու նույնականացումը կարեւոր ծրագիր է, որը մեծ թափով իրականացնելու են  2024 թվականին: Ըստ նրա՝  պետք է հիշել, որ թափառող կենդանիների մի զգալի մաս թափառող են դարձել հենց մարդկանց անպատասխանատու վերաբերմունքի պատճառով:

«Ըստ ընթացակարգի՝ քաղաքացիները կարող են մոտենալ իրենց վարչական շրջանների ղեկավար աշխատակազմի գրասենյակ եւ կենդանուն գրանցել հենց իրենց բնակության հասցում: Իսկ, որպես տեր, գրանցվում է այն քաղաքացին, ով  կենդանուն պահելու պատասխանատվություն է վերցնում, որպեսզի հետագայում, եթե այդ կենդանին հայտնվի մեզ մոտ, նույնականացնելուց հետո հասկանանք, թե ով է տերը, եւ արդեն պատասխանատվության  ենթարկենք»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը:

2023 թվականի ընթացքում  կենտրոնի կլինիկա է բերվել  3436 շուն, ստերջացվել եւ կատաղության դեմ պատվաստվել է 2045 շուն, իսկ կատաղության դեմ վերապատվաստվել է 753 շուն: Քնեցված եւ անկած շների թիվը  2023-ին եղել է 603, տարիքով պայմանավորված չի ստերջացվել  35 շուն, իսկ որդեգրման է հանձնվել 104 շուն: Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 467 անկած կենդանու դի:

Է.  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ՋԵՐՄՈՒԿԸ»՝ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է Ռուսաստանում հայկական «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու որոշմանը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («ՀՏրտՏՑՐպովՈՊջՏՐ») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետեւանքով։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որեւէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ «Ջերմուկ» հանքային ջուրը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ աստիճանաբար ավելացնելով ծավալները, 350.000 լիտրից հասցնելով մինչեւ 15.273.000 լիտր տարեկան, իսկ յուրաքանչյուր ներմուծված խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին:

Բացի Ռուսաստանից, այն արտահանվում է նաեւ ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ եւ բազմաթիվ այլ երկրներ:

23 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզ եւ մեկ դեպք չի արձանագրվել, ուստի խիստ տարօրինակ է արտադրության ընթացքի մեջ որեւէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը։

«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում, իսկ օգտագործվող նյութերը համապատասխանում են միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին եւ նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար: Նշված նյութերի ենթադրյալ մնացորդային պարունակությունը, ըստ դրանց տեխնիկական բնութագրերի, չի կարող առաջացնել կերակրափողի այրվածք:

Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, եւ շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին եւ կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսեւորվեր:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կձեռնարկի վերահսկողական համապատասխան միջոցառումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրված յուրաքանչյուր խմբաքանակի նմուշները պահվում են, իսկ Ռուսաստանի գործընկերների հետ նաեւ կձեռնարկվեն գործուն միջոցներ՝ պարզելու համար նման որոշման կայացման հիմքերը»:




Լրահոս