ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի եւ արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել “Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity” խորագրով պանելային նիստում: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը եւ անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ եւ միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձեւավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։

Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն եւ մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման եւ անձնային առանձնահատկություններից բխող եւ քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ եւ արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Ժաննա Անդրեասյանը նաեւ նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու  ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ եւ համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի եւ արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների եւ բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել եւ շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։

Նախարարը կարեւորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային եւ կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում եւ շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները:

Նշենք նաեւ՝ համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի եւ արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որի նպատակն է առաջարկել նոր ուղիներ՝ բարելավելու, խորացնելու եւ ընդլայնելու կրթության եւ մշակույթի ոլորտների միջեւ համագործակցությունը՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները՝ արագացնելու 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա եւ ապագա նպատակների իրագործումը: Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաեւ երկկողմ հանդիպումներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը կմեկնարկի «Էբեն» քառյակի՝ փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք բացառիկ համերգով:

 

Համերգի  ծրագրում կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Լարային քառյակ համար 21-ը, Ալֆրեդ Շնիտկեի Լարային քառյակ համար 3-ը եւ Էդվարդ Գրիգի Լարային քառյակ համար 1-ը։

Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր,  «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսի առջեւ հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով եւ նոր մոտեցումներով:

Փարիզում «Իզայի» քառյակի եւ ապա Գաբոր Տակաչի, Էբերհարդ Ֆելցի եւ Դյորդ Կուրթագի հետ կատարողական կարողությունները զարգացնելուն հետեւում է քառյակի առաջին նշանակալի եւ նախադեպը չունեցող ձեռքբերումը՝ հաղթանակը 2004 թվականի ARD միջազգային երաժշտական մրցույթում։ Սրանով քառյակը միջազգային համբավ ձեռք բերեց եւ արժանացավ բազմաթիվ այլ մրցանակների։ 2005 թ.-ին խումբն արժանացավ Ֆորբերգ-Շնայդեր հիմնադրամի «Բելմոնտ» մրցանակի, 2007 թ.-ին՝ Բորլետտի-Բուիտոնի հիմնադրամի գլխավոր մրցանակին, իսկ 2019 թ.-ին էլ դարձավ Ֆրանկֆուրտի երաժշտական մրցանակին արժանացած առաջին քառյակը։

Բարտոկի, Բեթհովենի, Դեբյուսիի, Հայդնի, Ֆորեի եւ Մենդելսոն եղբայրների ստեղծագործությունների ձայնագրություններն արժանացել են բազվաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Գրամոֆոն»-ի, BBC Music Magazine-ի մրցանակի, Midem Classic մրցանակի։

Անսամբլի նշանակալի ձեռքբերումներից է Բեթհովենի 16 լարային քառյակների ձայնագրությունը՝ ստեղծագործություններ, որոնք անսամբլը 2019 թ.-ի մայիսից 2020 թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարել է աշխարհի հինգ մայրցամաքում։ Այս ամբողջական ձայնագրությամբ «Էբեն» քառյակը տոնեց իր հիմնադրման քսանամյակը։

Քառյակի կազմից Պիեռ Կոլոմբեն նվագում է երկու գործիքով։ Առաջինը Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1717 թվականին ստեղծած «Պիատտի» ջութակն է, իսկ երկրորդը՝ Մատեո Գոֆրիլերի՝ 1736 թվականին ստեղծած գործիքը։

Գաբրիել լը Մագադյուրը նույնպես նվագում է երկու գործիք՝ երկուսն էլ Գուարներիի ձեռքով ստեղծված։ Առաջինը ժամանակին պատկանել է Բարոն Ռոթշիլդին, իսկ երկրորդը ստեղծվել է 1740 թվականին Մարի Շիլեմի երկու ալտերից մեկը Ստրադիվարիուսի՝ 1734 թվականին ստեղծված «Գիբսոն» ալտն է։

«Բույրերը կարծես վերածվում էին ձայների, տարածության խորքերից լսվում էին արձագանքները, եւ չորսը նախ զգուշորեն միահյուսվում էին, ապա ջանասիրաբար ձուլվում իրար ու աշխուժորեն տարածվում։ Դա մի աննկարագրելի փորձառություն էր»,- քառյակի մասին գրել է Seddeutsche Zeitung-ը 2023-ի մարտին։

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաեւ Հայաստանի ռեկորդ սահմանել։

Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։

Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45.55 րոպե արդյունք։

Մկրտչյանն առաջին տեղն էր զբաղեցրել՝ հետեւում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։  Երվանդ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու նաեւ Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ն անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

 

 

ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆԸ

Ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը նշում է, որ յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն կա, Եվրոպայի առաջնությունն էլ այդ առումով բացառություն չէր:

«Բնականաբար, լարվածություն կա ցանկացած մրցաշարում, բայց, անկախ դրանից, պետք է, որ լարվածությունը մի կողմ դնես, պայքարես, որ մեդալ ունենաս: Առաջին մոտեցումներն արվում էին մեդալ ապահովելու համար, սակայն հետո արդեն չեմպիոնության համար էի պայքարում»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով իր առաջին ոսկե մեդալից` Գրիգորյանն ընդգծեց, որ մարզումների ժամանակ բարձրացրած քաշերը թույլ էին տալիս մտածելու մեդալի մասին, սակայն Պոկում վարժության ոչ այդքան հաջող ելույթից հետո փոքր հիասթափություն եղել է:

«Իմ կարծիքով՝ 19 տարեկանում ոսկե մեդալակիր դառնալը նորմալ է: Մեծահասակների մրցաշարերի երկրորդ անգամն էի մասնակցում, սակայն առավելագույնս լավ էի պատրաստվել ու դրական էի տրամադրված»,-ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Գրիգորյանն իր հաջորդ նպատակներից մեկը համարում է Օլիմպիական խաղերում դրական արդյունք գրանցելը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը Պոկում վարժությունում նախ բարձրացրեց 80 կգ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Գրիգորյանը չկարողացավ բարձրացնել 85 կգ նաեւ երրորդ մոտեցման ժամանակ: Հրում վարժությունում Գրիգորյանը գերազանց արդյունքով` 105, 111, 115 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ եւ երկամարտի 196 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:




Լրահոս