ՄԻՊ-Ը ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԻ՞. ՈՒՐ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական վերջին սադրանքի հետեւանքով Ներքին Հանդի բնակիչների կյանքի եւ անվտանգության, կրթության իրավունքները կոպտորեն խախտվել են. նման արձանագրում է արել Մարդու իրավունքների պաշտպանը: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ադրբեջանը հերթական սադրանքն էր հրահրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, որ ադրբեջանական կողմից դիպուկահարներ են աշխատել: ՄԻՊ գրասենյակը դեպքի օրը հենց հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել դեպքի առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են տարվել, եւ, ի վերջո, իրենց կատարած ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների արդյունքում ինչ է պարզվել: «Նախ նշեմ, որ հարցի առնչությամբ մեր ուսումնասիրությունը վերաբերում է բացառապես մարդու իրավունքների առնչությամբ հարցերին: Այս առումով մեր հիմնական խնդիրն է ուսումնասիրության միջոցով բացահայտել, թե արդյոք խախտվել են մարդկանց իրավունքները, ինչ ծավալով են դրանք խախտվել, ինչի հետեւանքով, եւ ինչ հետեւանքների կարող են հանգեցնել այդ խախտումները: ՄԻՊ գրասենյակը հարցի առնչությամբ հաղորդագրություն տարածել էր երկրորդ կեսին, քանի որ փորձում էինք հասկանալ՝ ինչ իրավիճակ է, նրանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր ենք ուղղել, քանի որ քաղաքացիները, միգուցե, չպատկերացնեն, որ իրենց իրավունքը խախտվել է, բայց իրավիճակը նկարագրելով՝ մենք հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու: Այս դեպքում էլ, ինչպես մյուս սահմանային միջադեպերի, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այս ամենի արդյունքում մարդկանց իրավունքները խախտվել են. մարդիկ սթրեսային իրավիճակում են հայտնվել, այս ամենի արդյունքում խախտվել են ինչպես մարդկանց անվտանգության, կյանքի եւ կրթության իրավունքը, այլեւ մնացյալ իրավունքներ»,- ասաց նա: Սահմանային սադրանքներին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը նաեւ տարածքային նոր նկրտումներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, թե հայկական մի շարք գյուղեր Ադրբեջանին են պատկանում: Սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները խուճապ են առաջացնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ մարդիկ լքում են իրենց բնակավայրերը՝ թողնելով իրենց տունը: Արդյոք սրանք եւս մարդու իրավունքների խախտումներ չե՞ն, ի՞նչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ն այս առնչությամբ. «Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ինչպես նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունները միավորող միջազգային կառույցների անդամ, ուզում եմ հատուկ արձանագրել, որ պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել այն սկզբունքները, որոնք առկա են մարդու իրավունքների տեսանկյունից, իսկ այդ տեսանկյունից ատելության խոսքը, ագրեսիա հրահրող խոսքն ընդունելի չէ»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրավիրել: Արցախի պատգամավորների շրջանում արդեն իսկ կոնսենսուս կա այս մասին, իսկ թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակեցված չէ. քննարկումներ են գնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրակարգային հիմնական հարցը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է լինելու, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 2-ին էր գրել: Գրել էինք, որ 2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի: Ահա այս առիթով Արցախի պատգամավորները մտադիր են քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն: Քննիչ հանձնաժողովի հարցն առաջիկայում կայանալիք նիստին կքննարկվի:

 

 

 

ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։ Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի եւ «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։ Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր եւ գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45սմ պետք է լինի, խորությունը մինչեւ թիկնակ՝ 43սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49սմ, հատակից մինչեւ նստատեղ բարձրությունը՝ 42սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչեւ թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ: Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են եւ հարմարավետ՝ գույնը՝ սեւ, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը եւ թիկնակը՝ սպունգապատ, 30մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49սմ, խորությունը՝ 50սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52սմ։ Ստացվում է, որ հնարավոր է տարբերակել, թե որ կառույցի բյուջեն որքան ճոխություն կարող է թույլ տալ սեփական աշխատակիցներին։

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 80 մլն 244 հազար դրամ, որի գնման առարկան եղել է Արբանյակի վարձակալությունը, իսկ արժեքի 13 մլն 374 հազար դրամը Ավելացված արժեքը հարկն է։ Բացատրենք, թե ինչ է սա իրենից ենթադրում.  պայմանագրում նշված գնման առարկայի տեխնիկական բնութագրի համաձայն՝ այն Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայություններ է ենթադրում։ Այս պայմանագրի նպատակը հետեւյալն է. «ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը բաղկացած է թվով 213 հեռուստակայանից, որոնցից 66-ում հանրապետական սփռման մուլտիպլեքսի (որը պետք է հեռարձակվի հանրապետության բնակավայրերի 100%-ում) հաղորդումը իրականացվում է օպտիկամանրաթելային համակարգով, իսկ թվով 147-ում՝ արբանյակային հեռարձակման ցանցի միջոցով»: Արբանյակային հեռարձակումը ծառայում է նաեւ բնակավայրերից դուրս տեղակայված առանձնատների, հանգստյան գոտիների, զորամասերի եւ այլնի համար որպես պետական սփռման մուլտիպլեքսի ֆիքսված անհատական արբանյակային ընդունման հիմնական միջոց։ Արբանյակի մոդելը  EutelSat 708 է, իսկ գնումը կատարված է մեկ անձից գնման եղանակով։ Այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետության տարածքում արբանյակային սփռման արժեքը 80 մլն 244 հազար դրամ է:

 

 




Լրահոս