ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:
Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:
Երկուստեք կարեւորվել է դատական իշխանության անկախությունը եւ օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր. Դատական դեպարտամենտի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները պատրաստվում են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին առաջիկայում կանչել ԱԺ՝ պարզաբանումների:
Խոսքը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: