ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ պիտի որևէ մեկին մեր բանակի բարեփոխումն անհանգստացնի». Նիկոլ Փաշինյանը՝ բանակի բարեխումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը։

«Ես երեկ նախագահ Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ էլ այդ հարցին անդրադարձա, որովհետև Ադրբեջանն ամեն անգամ աղմուկ է բարձրացնում մեր որևէ ռազմատեխնիկական ոլորտում նոր պայմանագրի և համագործակցության ոլորտում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը տարիներով միլիարդավոր զենք է գնում։ Սա կարևոր փաստ է արձանագրելու համար։

Մյուս կողմից ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած Հայաստանի բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ ասում ենք` շատ լավ, եկեք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից փոխադարձաբար հայելային ետ քաշենք զորքերը: Եվ դա կլինի վստահության շատ կոնկրետ քայլերից մեկը։

Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնի։ Ինչո՞ւ, որովհետև մենք ասում ենք, որ մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք։ Հետևաբար, ինչո՞ւ պիտի որևէ մեկին մեր բանակի բարեփոխումն անհանգստացնի։ Եթե մենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք և բարեփոխում ենք մեր բանակը և ասում ենք` մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու ու չի ունենալու, և այդ ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում, աղմուկ է անում: Դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ, երբ ինքը խնդիր ունի մեր ինքնիշխան տարածքում ռազմական խնդիր լուծելու։ Ուրիշ տրամաբանություն չկա։ Կարողացա՞ միտքը բացատրել, թե ինչումն է խոսքը։

Մենք, այո՛, բարեփոխում ենք բանակը, և ի դեպ, բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Որևէ երկիր որևէ ուրիշ երկրի չի կարող մեղադրել բանակ ունենալու մեջ։ Եվ մենք ասում ենք, որ բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, այսինքն` Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, ճանաչում ենք անվերապահորեն։ Մեր ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքից դուրս մեր բանակը կիրառելու խնդիր չունենք և չենք ունենալու։ Եվ այս ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում։ Ինչո՞ւ է անհանգստություն հայտնում։ Միթե՞ ինքն ունի խնդիր մեր ինքնիշխան տարածքում լուծելու։ Նաև այս փաստն է, այս արձագանքն է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը։

Բայց մենք այստեղ լուծումներ էլ ենք առաջարկում։ Մի քանի լուծում ենք առաջարկում։ Մեկը`արտահայտել 1991 թվականի սահմանը և զորքերը հետ քաշել, այսինքն` ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միմյանց ինքնիշխան տարածքում ոչ մի հատ տեխնիկա, հրազեն չունենան և զինվոր էլ չունենան։ Երկրորդը, մենք սահմանային գոտու ապառազմականացման առաջարկ ենք անում։ Երրորդը, մենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ ենք անում։ Այսինքն, եթե մենք որևէ խնդիր ունենայինք Ադրբեջանի անվտանգությանը սպառնալու, այս առաջարկներն ինչի՞ պիտի անեինք։ Այդ Ադրբեջանն է, որ ասում է` ես պիտի բարձունքները հսկողության տակ պահեմ, կապ չունի` դա ում տարածքում է գտնվում։ Բայց դա մեր տարածքային ամբողջականության ուղիղ ոտնահարում է, ագրեսիվ քաղաքականության իրականացում այսօր և, ըստ էության, այդ քաղաքականությունից հրաժարվելու մտադրության մասին հայտարարություն։ Եվ սա խնդիր է»։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս