
Փետրվարի 24-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ Իվեթ Թաջարյանին` Տոկիոյի համալսարանի դասախոս, հայագետ Կարեն Համադայի և Կեիո համալսարանի դասախոս Լիլիթ Այվազյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են Ճապոնիայում հայկական ձեռագրերի ցուցադրության և այլ գիտամշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները և պայմանավորվել առաջիկայում շարունակել քննարկումները:
Ի. Թաջարյանն Ազգագրության ազգային թանգարանում (Օսակա) անցկացված «Ձեռագրերը հատում են սահմանները» խորագրով միջազգային գիտաժողովում հանդես է եկել դասախոսությամբ՝ ճապոնական այս թանգարանում պահվող Իրանի Համադան քաղաքում ստեղծված հայկական յուրահատուկ ձեռագրի մասին:
Ի. Թաջարյանը դասախոսությամբ հանդես է եկել նաև Տոկիոյի համալսարանում: