
Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնայային։ Այս մասին հայտարարել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Ալեքսեյի մարմինը տրվել է մորը: Շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր դա պահանջեցին մեզ հետ: Առայժմ Լյուդմիլա Իվանովնան գտնվում է Սալեխարդում: Հուղարկավորությունը դեռ առջևում է: Մենք չգիտենք՝ իշխանությունները կխոչընդոտե՞ն դա անցկացնել այնպես, ինչպես ցանկանում է նրա ընտանիքը»,- ասել է Յարմիշը։
Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր պահանջել են Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել նրա ընտանիքին։
«Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գրել և ձայնագրել են տեսաուղերձներ։ Կարծում եմ՝ Ալեքսեյը կասեր, որ դա պետք է այդպես արվեր»,- ասել է Ժդանովը։
Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել էր, որ քննիչները ցույց են տվել իր որդու մարմինը և սկսել են պայմաններ թելադրել այն մասին, թե «որտեղ, ինչպես և երբ պետք է հուղարկավորվի Ալեքսեյը»: