Նախագահը փակեց Վազգեն Մանուկյանի բերանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլին պետք է ձևավորվի Հանրային խորհրդի նոր կազմը: Թե ովքեր կլինեն նոր կազմում, արդյոք ՀԽ-ի ներկայիս անդամները ընդգրկված կլինեն, թե՝ ոչ, դեռ պարզ չէ:

Armlur.am լրատվականի թղթակիցը Հանրային խորհրդի՝ առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամ Դոնարա Ալեքսանյանից փորձեց պարզել`  ինչպես կգնահատի Հանրային խորհրդի  6 տարվա գործունեությունը:

Տիկին Ալեքսանյանը բացասական գնահատեց: «Վատ եմ գնահատում: 12 հանձնաժողովները չեն աշխատել: Անգամ այն հանձնաժողովը, որում ես ընդգրկված եմ, էլի վատ է աշխատել»,- անկեղծացավ ՀԽ-ի անդամը:

-Փաստորեն, Դուք Ձեզ է՞լ եք քննադատում:

-Ինձ չէ, քանի որ ես աշխատում եմ: Ես  առողջապահության հանձնաժողովում էնքան բան եմ անում,  էնքան շտկումներ եմ անում ու օգնում շատ մարդկանց: Այսինքն` կարելի է ասել, որ այդ հանձնաժողովում մենակ ես եմ աշխատել: էս վեց տարվա մեջ մի 3 անգամ ժողով արած լինեն, թե՝ չէ:  Գնացե՛ք Վազգեն Մանուկյանի մոտ և հարցրե՛ք`  քանի անգամ են հանձնաժողովները ժողովներ գումարել: Ես ինքս անձամբ զանգահարում եմ հանձնաժողովների նախագահներին, տվյալներ եմ տալիս, ասում եմ`  զբաղվե՛ք, սակայն ոչինչ չեն անում:

-Ինչո՞վ է պայմանավորված հանձնաժողովների վատ աշխատելը: Միգուցե ֆինանսավորում չկա, դա՞ է պատճառը:

-Դե ֆինանսավորում չկա, ինչո՞ւ  պետք է  աշխատեն: Հո սաղ իմ նման ախմախ  չե՞ն,  որ  գումարներ ծախսեն ու օգնեն մարդկանց:

-Իսկ միգուցե Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը պահանջկոտ չէ՞ իր տեսակով:

-Այո՛, ես չեմ վախենում նրանից: Վազգեն Մանուկյանը, որ ուզենա, շատ լավ կարող է աշխատել: Ես քանի անգամ նրա հետ վեճի եմ բռնվել և հարցրել`  ի՞նչ եք անում դուք: Ինքն էլ անընդհատ ասում էր`  շուտով կփոխվի: Մտքովս անընդհատ անցնում է` ասում եմ, կարող է, ես  շատ ակտիվ եմ, ինձ հանկարծ նոր կազմում չընդգրկեն: Եթե նման բան անեն, դա կլինի դժբախտություն նրանց համար:

-Դուք բացասական եք գնահատում ՀԽ-ի հանձնաժողովների աշխատանքը, սակայն Վազգեն Մանուկյանը  հայտարարել էր, որ  ՀԽ-ի 12 հանձնաժողովներից ամենաակտիվը եղել է ֆինանսատնտեսականն ու բյուջետային հարցերի հանձնաժողովը:

-Ես, ճիշտն ասած, չգիտեմ` այդ հանձնաժողովի անդամները տարվա մեջ քանի անգամ են հավաքվել, ու ինչ աշխատանքներ են արել: Ես այդ հանձնաժողովից ընդհանրապես մարդ չեմ ճանաչում:

-Իսկ ինչպես կգնահատե՞ք ձեր հանձնաժողովի  աշխատանքները:

-Բացասական եմ գնահատում, քանի որ եթե ժողով է հրավիրել հանձնաժողովը… էդտեղ բժիշկների մաֆիան է, սաղ մաֆիոզներ են: Գալիս են ժողովի ու ասում`  վայ շտապում ենք, վերջացնենք, ավարտենք:

-Ի՞նչն է պատճառը, որ Հանրային խորհրդի վեց տարիների գործունեության ընթացքում հանրությունն այդպես էլ չվստահեց ՀԽ-ին:

 –Այն քաղաքացիները, որոնց հետ ես շփվել եմ, թյուր կարծիք ունեն Վազգեն Մանուկյանի մասին: Ասում են, որ նրա բերանը  փակեց նախագահը` նրան նշանակելով Հանրային խորհրդի նախագահ, և այդ կերպ լռեցրեց նրան`  որպես ընդդիմադիր գործիչ:

-Հանրության մեծ մասի չվստահելը կարելի՞ է պայմանավորել նաև նրանով, որ Հանրային խորհուրդը գործում է ՀՀ նախագահին կից, որի պատճառով ստվեր է ընկնում կառույցի վրա:

-Կարելի է այդպես էլ ասել:

-ՀԽ-ի այս վեց տարիների գործունեության ընթացքում որևէ  ձեռքբերում չե՞ք տեսնում:

Դրական ձեռքբերում կարող եմ համարել միայն տրանսպորտի և «Զվարթնոց»  օդանավակայայի հին մասնաշենքի խնդիրների համար արված աշխատանքը և էլի որոշ բաներ:

-Մտավախություն չունե՞ք, որ ձեր այս ակտիվ կեցվածքի  ու ՀԽ-ին քննադատելու համար  Ձեզ չընդգրկեն ՀԽ-ի նոր կազմում:

-Վախից էլ կվերցնեն: Իրենք լավ գիտեն իմ բնավորությունը: Եթե ինձ չվերցնեն, ես իրենց էն օրի կգցեմ, որ կփակվի Հանրային խորհուրդը: Նախ ես նախագահին էլ էի ուզում գրել, որ փակեն Հանրային խորհուրդը կամ թող ասեն, որ հանձնաժողովն ինչ է արել: Երբ ողորմածիկ Սոս Սարգսյանը, որը 36 անդամներից մեկն էր, զանգեցի ասացի`  եկե՛ք գոնե աշխատե՛ք, ասաց. «Է՛հ, Դոնարա՛ ջան, թող ծերությունս վայելեմ, ուզում եմ հանգիստ ապրել:  Այսինքն`  ինքը կարծես թե գիտեր` ինչ էլ անի, միևնույն է, անհույս է:

 -Հանրային խորհրդի վատ աշխատանքը կարելի է՞ բացատրել նաև նրանով, որ  խորհուրդը երիտասարդների կարիք ունի:

Իհարկե,  Հանրային խորհրդում ընդգրկվածների մեծ մասը տարիքով ավագ մարդիկ են: Ինչքան շատ երիտասարդներ ընդգրկված լինեն ՀԽ-ի կազմում, այնքան շատ ծրագրեր  կմշակվեն: Կոմունիստների ժամանակ ավարտած այդ ծերակույտն ի՞նչ գիտի: Մարդիկ կան անգամ, որ համակարգչից օգտվել էլ չգիտեն:

Սոնա Դավթյան




Լրահոս