Գաբրիել Սերովբեի Պատկանյան (փետրվարի 26, 1802, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն – ապրիլի 13, 1889, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ։
Սերովբե Պատկանյանի որդին է, Միքայել Պատկանյանի եղբայրը, Ռափայել Պատկանյանի հայրը։
1805 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աստրախան։ Սովորել է հոր՝ Սերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգևոր սեմինարիայում։ Տիրապետել է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին։ 1827 թվականին նշանակվել է Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818 թվականին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրատարակվել է 1827) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826 թվականին տեղափոխվել է Նոր Նախիջևան, քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Պատկանյանը եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը։ Այս պատճառով 1832 թվականին հեռացվել է վարժարանից։ 1836 թվականին բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը և այլք։ 1847 թվականին Ներսես Աշտարակեցու հրավերով տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850 թվականին կարգվել Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել «Արարատ»[1] աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852 թվականին Նոր Նախիջևանում Հ․ Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860 թվականին ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861 թվականին Գ․ Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների՝ Ռափայել և Հ․ Պատկանյանների ջանքերով 1862 թվականին փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց, Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով։
Ստեղծագործական աշխատանք
Կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնական աշխատություններ։ Հրապարակախոսական հոդվածներում նշել է աշխարհաբարի առանձնակի դերն ազգի կազմավորման գործում, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած այլազան խնդիրների։
Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի և Սաթենիկայ», «Յուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքայից», «Վահագն» և այլ բանաստեղծություններ դարձել են ժամանակի սիրված երգերից։ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջևան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք և հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության» բանաստեղծություններում արտահայտել է ժամանակի ոգին, ազատագրական պայքարի կոչ արել։ «Վարդնամակ կամ Արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» գործերը հայ արկածային վեպի առաջին փորձերից են։ Պատկանյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դյուցազներգությունը։ «Շավարշ երկրորդ կամ Նորոգյալ Հայաստան» (1864), «Անուշավան․․․» (1875), «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստանի» (1875), «Զավան և Փառնակ Ա» (1877), «Պարույր կամ Առումն Նինվեի» (1876) և այլ գործերում Պատկանյանն աշխատել է պատմական հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց և դեպքեր, ինչպես նաև անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին, արթնացնել ազգային ինքնագիտակցությունը։
Գրել է պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը» (1863), «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից» (1863) և այլն։ Մեծ արժեք է ներկայացնում «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ և գրելաձևի վարպետությամբ դասվում է հայ նոր գրականության նշանակալից երևույթների շարքը։ 1850 թվականին թարգմանել է Շեքսպիրի «Համլետը», որից պահպանվել են մի քանի տեսարաններ։