Գուցե սա քայլ էր այդ համարանիշներն ավելի արժևորելու համար․ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը՝ «գոլդ» համարանիշների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ ամենամեծ մրցակցությունն ունեցող ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշները վաճառվել են։ Քննարկվում էր, որ այն ձեռք է բերվել 300.000 ԱՄՆ դոլարով, գրեթե 121 մլն դրամով։ Ըստ այդ տեղեկությունների  00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվել էր, սակայն գաղտնի է պահվում, թե ով է այն ձեռք բերել։

Այս ցանկալի պետհամարանիշը ցուցակի առաջին տեղերում էր աճուրդների հայտարարման ամենասկզբից, երբ այդ մասին հայտնեց վաչապետը Կառավարության նիստում։ Հավելենք նաև, որ համարանիշների սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար, ովքեր աճուրդին մասնակցելու համար արդեն 1 մլն դրամ վճարել էին։

Այսօր Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքեց այդ լուրերն ասելով․
«Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:»

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն այդ տեղեկատվությունը տարածողներից մեկն է եղել։ ArmLur.am-ը զրուցեց ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ևս համացանցից է տեղեկացել և կիսվել այդ ինֆորմացիայով։
«Ես էլ եմ համացանցից տեղեկացել, բայց եթե արդեն հստակ գին է պտտվում, երևի ինչ-որ բան կա արդեն։ Գուցե սա քայլ էր այդ համարանիշներն ավելի արժևորելու համար։ Պարզապես պետք էր այդ լուրերը տարածվելուն պես հերքել, որ նման ապատեղեկատվության արշավ չսկսեր համացանցում։»,- ասել է Քեյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս