Լոս Անջելեսում կայացել է «SAG Awards 2024» մրցանակաբաշխությունը (Էկրանային դերասանների գիլդիա), որի կարմիր գորգին աստղերը կրկին հիացրել են իրենց տեսքով. շքեղ երեկոյան զգեստներ, որոնք առանձնացել են դասականությամբ և պարզությամբ: Այս մրցանակաբաշխությանը հոլիվուդյան հայտնիների մեծ մասը նախապատվությունը տվել է էլեգանտ և ավելի պահպանողական «լուքերին»՝ առանց տարօրինակ կտրվածքների և բացվածքների:
Երեկոյի ամենահետաքրքիր պահերից մեկը «Սատանան կրում է Պրադա» (Devil wears Prada) ֆիլմի երեք գլխավոր դերակատարների վերամիավորումն էր: Նրանք երկար տարիների դադարից հետո միասին բեմ են բարձրացել և ներկայացրել «Կատակերգական ժանրում հեռուստատեսային նախագծի լավագույն դերասան» անվանակարգի հաղթողին՝ Ջերեմի Ալեն Ուայթին:
«Դերասանական կազմի լավագույն կատարման» համար մրցանակի է արժանացել «Օփենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Առաջին պլանի լավագույն դերասան» (Քիլիան Մըրֆի) և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Ռոբերտ Դաունի կրտսեր) անվանակարգերում:
«Առաջին պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լիլի Գլադսոնը՝ «Ծաղկի լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) ֆիլմում իր դերակատարման համար, իսկ Դեյվին Ջոյ Րանդոլֆը արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակին՝ «Լքվածները» (The Holdovers) ֆիլմի համար:
Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1995 թվականին՝ կինոյում և հեռուստատեսային փրայմ թայմում ակնառու ելույթներին գնահատական տալու նպատակով: Այն «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների կողքին՝ հերթական անգամ ամփոփում է դերասանների և ֆիլմարտադրության ոլորտում աշխատող անձնակազմի աշխատանքը:
Հուրի Բաղդասարյան