Օրեր առաջ համացանցում Արմեն Հայրապետյան անուն ազգանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում ասվում է, որ իր հայրը ստացել է ինսուլտ և կար վիրահատական միջամտության կարիք։ Ըստ քաղաքացու՝ նման վիրահատությունները բավականին թանկ են և եթե մարդ չունենա այդ գումարը, ապա չի կարողանա փրկել իր հարազատի կյանքը։
ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Հայրապետյանն ասաց. «Հայաստանում ինսուլտի հետևանքով առաջացած գլխուղեղի բաց վիրահատության արժեքը 4-5 մլն-ից մինչև 8-9 մլն է, և եթե մարդը գումարը չունի, չի կարողանում վճարել, իր հարազատին տանում է տուն՝ մահվան դատավճռով»:
ArmLur.am-ը հասկանալու համար, թե Առողջապահության նախարարությունն ինչ է անում նման դեպքերում, կապ հաստատեց ԱՆ մամուլի քարտուղարի հետ։
Մեզ հետ զրույցում Առողջապահության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն ասաց. «Պետությունը գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիր ունի, որը ասեմ ավելին այս տարի ընդլայնվում է: Մարզային բնակչության համար հասանելի դառնում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում, այսինքն այդ ծրագիրը Գյումրիից բացի ընդլայնվել է նաև Վանաձորում»:
Նրա խոսքով՝ 2023 թվականին 770 պացիենտ օգտվել է սուր, ենթասուր իշեմիկ կաթվածների նորագույն թանկարժեք տեխնալոգիաներով մատուցվող անվճար բուժումից: Մարիամ Ծատրյանը հավելեց՝ այդ թանկ ծառայության մի մասը պետությունը վերցրել է իր վրա:
Էմմա Մարտիրոսյան