Դեռ 2023 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց, որ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացրեցին «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։ Ծրագրի իրականացման համար դրամաշնորհը տրամադրել է Կանաչ կլիմայի հիմնադրամը։ Ութնամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ-ին։ Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային ծածկույթի 2,5 տոկոսով ավելացմանը։ Ծրագրով կառուցվել են ջերմատներ և ջերմոցներ՝ տնկիների աճեցման համար։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սա ամենևին էլ հօգուտ անտառտնտեսությունների չէր, քանի որ որոշ ժամանակ անց ջերմոցները պիտի ճանաչվեին անօրակ, ոչ ստանդարտներին համապատասխան և քանդվեին։
Տեղեկացանք նաև, որ յուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար ծախսվել է մոտ 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ այդքան մեծ ներդրումից հետո 6 ջերմոցից 4-ը քանդվել է։ Այսպիսով, ստացվեց այնպես, որ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրած դրամաշնորի պլանային կատարումն իրականացրեց ոչ թե Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, այլ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Նշված պետական հիմնարկի տնօրենը Արմեն Եսոյանն է, նրա հետ ջերմոցները կառուցելիս համագործակցել են նաև այժմյան էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Սևակ Մարկոսյանը։ ArmLur.am-ի աղբյուրը հայտնեց, որ այն ընկերությունները, որոնք ստանձնել են անտառտնտեսության ջերմոցների կառուցումը փոխկապակցված են նշված անձանց հետ։ Փորձեցինք կապվել նրանց հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հենց Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պնդմամբ է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կառուցումը հանձնել նրանց։ Զննելով Վլադիմիր Կիրակոսյանի կյանքը և կենսագրությունը՝ պարզեցինք, որ նա հանդիսանում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մտերիմ ընկերը, ինչը կարող է դառնալ այս գործընթացների իրականացման հանգամանքը։ Ստացվում է, որ «պոզով պոչով» կոռուպցիայի աղբյուրները սկսվել են դեռ ՔՊ-ականների իշխանության գալու սկզբներին։
Էմմա Միքայելյան