ՖՈՏՈ. 1988 թվականի այս օրը սկսվեցին Սումգայիթի ջարդերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

36 տարի առաջ՝ 1988 թվականի այս օրը, նպատակ ունենալով կանգնեցնել արցախյան շարժումը, ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր։

Ջարդերից մեկ օր առաջ Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Ասադովն ասել էր, որ պատրաստվում են մի քանի հազարանոց երթ սկսել դեպի ԼՂԻՄ և հաշվեհարդար տեսնել հայերի հետ, իսկ Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ մտահոգվում է Բաքվում ապրող ավելի քան 200 հազար հայերի անվտանգության համար:

Թյուրքական քաղաքականությունը բոլոր ժամանակներում էլ նույնն է եղել և, ինչպես այժմ, այնպես էլ այն ժամանակ ադրբեջանցիները լուրեր են տարածել իբր Հայաստանում ադրբեջանցիների են սպանում, թալանում նրանց ունեցվածքը՝ այդպիսով բորբոքելով կրքերը:

Ջարդերը «կատարելապես» իրականացնելու համար նախապես կազմակերպչական աշխատաքներ էին իրականացվել. ցանկագրվել էին հայերի բնակարանները՝ հասցեներով, ձուլվել մետաղաձողեր և այլ գործիքներ, բաժանվել էր թմրանյութ և ալկոհոլ, դադարեցվել՝ ՆԳ և շտապ օգնության ծռայությունների աշխատանքը, անջատվել էր հայերի հեռախոսային կապը, գործի դրվել՝ պայմանական նշանների և ազդանշանային համակարգ՝ հայերի տեղերը միմյանց հուշելու նպատակով:

Երեք օր տևած ցեղասպանության հետևանքով սպանվել է ավելի քան հազար հայ, 18 հազարից ավելը դարձել փախստական, եղել են բազմաթիվ բռնաբարություններ, խոշտանգումներ և ողջակիզումներ:

Խորհրդային բանակը զենք կիրառելու հրահանգ ստացել է միայն փետրվարի 29-ի երեկոյան, իսկ ջարդարար գործողությունների համար պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 94 մարդ: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է ազգությամբ հայ 27 քաղաքացի»։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս