Երեկ՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի Իվանյանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»։
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը այս հայտարարությունից հետո.
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի այդ հայտարարությունը առաջին հերթին ուղղված չէ Հայաստանին, այլ Արևմուտքին և ուղերձի իմաստը հետևյալն է՝ եթե Արևմուտքը ցանկանում է Հայաստանին իր կողմը քաշել և Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից, ուրեմն Արևմուտքը պիտի իմանա դրա գինը՝ Հայաստանի կողմից բոլոր պահանջները ընդունելն է, այսինքն՝ Արևմուտքը պիտի Հայսատանի իշխանություններին բացատրի, որ եթե ցանկանում եք թեքվել դեպի Արևմուտք և Ռուսաստանին դուրս մղել, ուրեմն Ադրբեջանը պահանջում է այդ գինը՝ վճարեք այդ գինը, այդ դեպքում մենք ձեզ կընդունենք և դուք կկարողանաք Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալ»:
Հարցին՝ թե ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը և Արևմուտքը ասաց՝
«Հայաստանի իշխանությունները պիտի Արևմուտքի հետ ավելի բաց լինեն և պիտի ասեն՝ եթե ուզում եք, որ մենք Ռուսաաստանին դուրս մղենք մեր տարածաշրջանից, ուրեմն դրա դիմաց դուք պետք է 100% երաշխիք տաք, որ Ադրբեջանը մեզ ագրեսիայի չի ենթարկի»,- ասաց քաղաքագետը
Էմմա Մարտիրոսյան