ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ամենաերկարատև ծրագիրը կեցության աջակցության ծրագիրն է, որն ունենալու է շարունակություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Ծրագիրը սկսվել է հոկտեմբերին, ավարտվելու է մարտին, բայց ունենալու է շարունակություն։ Մյուս ծրագրերը՝ 100 000-ական դրամների աջակցության, 40+10 հազար դրամների մասով ավարտվել է, 113 հազար մարդ ստացել է 100 հազարական դրամները։ 100 600-ն այն թիվն է, որը մենք արձանագրել ենք անցման օրերին։ Իհարկե, այդ թիվը կարող էր որոշակի փոփոխություններ կրել՝ հաշվի առնելով, որ կային մարդիկ, որոնք սեպտեմբերի 25-ից առաջ էին եկել Հայաստան։ Ի վերջո, մեր ռեեստրում հաշվառված է 115 հազար մարդ, որոնցից 113 հազարն արդեն իսկ ստացել է այդ 100 000-ական դրամների աջակցությունը»,- նշել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք դիմել են, սակայն դիմումները չեն բավարարվել Հայաստանում չգտնվելու հիմքով, հիմա որոշները դա վիճարկում են, և եթե որոշակի հիմքեր ներկայացվեն, մոտ 900 հոգի ևս կստանա 100 հազար դրամ աջակցություն։
«100 000-ական դրամների աջակցության ծրագիրը, ընդհանուր առմամբ, ավարտված է, կան որոշ դեպքեր, որոնք պետք է պարզվեն։ Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում իրենց պատասխանները կստանան։ 40+10 հազար դրամների ծրագիրը դեռևս շարունակվում է՝ ավարտվելու է մարտին, այստեղ ևս ունենք զգալի ցուցանիշ՝ 96 հազար մարդ է եղել հունվարի շահառու։ Այս թիվն առաջին ծրագրի շահառուներից տարբերվում է այն պատճառով, որ այս ծրագրից չեն օգտվում Հայաստանում բնակարան ունեցողները, քանզի այս ծրագիրը վերաբերում է բնակարանային վարձավճարները կիսելու կամ հոգալուն»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։