Միացյալ Նահանգները զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա՝ այնտեղ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Արևմուտքը քննարկում է զորքեր ուղարկելու հարցը։
Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ արևմտյան առաջնորդները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Նրա խոսքով, այս հարցում համաձայնություն չկա, սակայն «իրավիճակի զարգացման մեջ ոչինչ բացառել չի կարելի»։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները զորքեր չի ուղարկի Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու համար», – ասվում է Ուոթսոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն: