Որոտանի հէկ-ի վաճառքի գործարքը լի է մութ կողմերով, եւ պատահական չէ, որ իշխանությունները փորձում են իրարամերժ հայտարարություններ անելով թաքցնել այս գործարքի մանրամասները:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե վաճառվել են ոչ թե Որոտանի հէկ-ի բաժնետոմսերը, այլ՝ ընկերությանը պատկանող գույքը: «Գույքը վաճառել ա «Որոտան» ՓԲԸ-ն: «Որոտան» ՓԲԸ-ն վաճառել ա իր ոչ թե ողջ գույքը, այլ գույքի մի մասը։ Դրա իրավունքն ուներ… Եվ էս պարագայում որեւէ բաժնետոմս, ըստ էության, ոչ թե ըստ էության, ուղղակի, չի վաճառվել, բաժնետոմսերն ամբողջությամբ մնացել են, եւ այս հէկ-ի տնօրինման տակ դեռեւս կան մի շարք գույքեր եւ ինքը շարունակելու է»,- ԱԺ ամբիոնից ասել էր նա՝ իր այդ պատասխանը դեմագոգիա որակած պատգամավորին էլ մեղադրելով տարրական իրավաբանական գիտելիքներ չունենալու մեջ: Պարզվում է, սակայն, որ Հրայր Թովմասյանը ճիշտ տեղեկություններ չի տրամադրել ԱԺ պատամավորներին ու փորձել է ստել:
Խոսում են փաստաթղթերը
Իրականում, Որոտանի հէկը վաճառել է ոչ թե գույքի մի մասը, այլ՝ իր ունեցած գույքն ամբողջությամբ: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ 105 էջանոց պայմանագիրը՝ գրված անգլերեն ու հայերեն: Եվ ահա այդ պայմանագրի 2-րդ հոդվածից տեղեկանում ենք, որ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե` անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով, նյութական, թե` ոչ նյութական» /էջ 30/: Խոսքը, ինչպես մանրամասնած է պայմանագրում, Որոտանի հէկ-ի եւ սարքավորումների, եւ տեխնիկայի, եւ շենքերի, շինությունների, եւ շարժական գույքի, եւ հումքի ու պաշարների մասին է:
Ու հիմա ստացվել է հետաքրքիր պարադոքս. Որոտանի հէկ-ը, որի բաժնետերն է ՀՀ կառավարությունը, այլեւս չունի գույք: Արդյունքում հէկ-ը պարզապես զրկված է իր կանոնադրության 2.2 կետով սահմանված գործունեություն ծավալելու, այսինքն՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվելու հնարավորությունից: Ինչպե՞ս կարող է Որոտանի հէկ-ը էլեկտրաէներգիա արտադրել, երբ չունի դրա համար անհրաժեշտ սարքավորումներն ու գույքը:
Փաստորեն, Սերժ եւ Տիգրան Սարգսյանների թեթեւ ձեռքով, Որոտանի հէկ-ն այսօր հայտնվել է լուծարման շեմին: Նշենք, որ Հայաստանում նույն Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք ստեղծվել է նման նախադեպ:
Փեսայի բաժինը
2010թ. դեկտեմբերի 16-ի նիստում կառավարությունն ընդունեց ««ՁորաՀԷԿ» ՓԲԸ կողմից գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին» N 1660-Ն որոշումը: դրա համաձայն, կառավարությունը թույլատրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ 3մլն 600 հազար դրամով «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին օտարել «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի գույքը: Արդյունքում, ստեղծվել էր նույն վիճակը. ՀԷԿ-ը ֆիզիկապես պատկանում էր «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին, իսկ իրավաբանորեն՝ ՀՀ կառավարությանը, մասնավորապես՝ ՊՆ-ին /2002թ. հունվարի 15-ի որոշմամբ, այս հէկ-ի բաժնետոմսերը հանձնվել էին ՀՀ պաշտպանության նախարարության կառավարմանը/: Ըստ մամուլում եղած հրապարակումների, Ձորագետ հիդրո ՍՊԸ-ն պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
Եվ ահա, «ՁորաՀԷԿ»-ի գույքը վաճառելուց վեց ամիս անց՝2011 թվականի մայիսի 5-ին կառավարությունը N 546-Ա որոշմամբ պարզապես լուծարեց «ՁորաՀԷԿ»-ը եւ այդ հիդրոէլեկտրակայանը դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի լիակատար սեփականությունը: «ՁորաՀԷԿ»-ը լուծարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը բերել էր «շատ լուրջ հիմնավորում». հէկ-ի ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ին, «ուստի անհրաժեշտություն է առաջացել լուծարելու «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն»:
Հիմա ճիշտ նույն կարգավիճակում է Որոտանի հէկ-ը. կառավարությունը 2013թ. նոյեմբերին ընդունեց որոշում՝ հավանություն տալով Որոտանի վաճառքին եւ կնքված գործարքի արդյունքում վաճառվեց ընկերության ողջ գույքը: Հիմա հերթը հասել է լուծարմանը. չի բացառվում, որ ամիսներ անց կառավարությունը դիմի այդ քայլին:
ՀԷԿ-ը իմ թուլությունն է
Վերադառնալով Որոտանի հէկ-ի օտարմանը, նշենք, որ 2001թ. սկսած, իշխանությունները բազմիցս փորձել են մասնավորեցնել Որոտանի հէկ-ը, սակայն վերջին պահին հրաժարվել են այդ մտքից: Որոտանի հէկ-ը մշտապես իր վրա է գրավել շատերի ուշադրությունը՝ գրգռելով ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ախորժակը: Այս հարցում հատկապես ակտիվ է եղել Սերժ Սարգսյանը:
2002թ., երբ Ս.Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, կառավարության 2002թ. հունվարի 15-ի որոշմամբ, ՀՀ պաշտպանության նախարարության կառավարմանն էր հանձնվել «ՁորաՀԷԿ»-ը, իսկ արդեն կառավարության՝ 2003թ. նոյեմբերի 6-ի N1694-Ն որոշմամբ, Որոտանի հէկ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ պաշտպանության նախարարին:
Յոթ տարի անց կառավարությունը 2010թ. նոյեմբերի 4-ի 1455-Ն որոշմամբ, փոխեց Որոտանի հէկ-ի բաժնետոմսերի կառավարչին. այդ լիազորությունը ՀՀ պաշտպանության նախարարի փոխարեն տրվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին: Սակայն լիազորությունները Արմեն Մովսիսյանին փոխանցվեցին 6 ամիս անց միայն: Իսկ այդ ընթացքում 2011թ. հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել էր Որոտանի հէկ-ի կանոնադրությունը: Մի ընկերության կանոնադրություն, որի բաժնետոմսերի կառավարիչը բոլորովին այլ պաշտոնյա էր: Իսկ 2011թ. մայիսի 24-ի իր գրության մեջ, Օհանյանը, հղում անելով կառավարության որոշմանը, Էներգետիկայի նախարարին տեղեկացրել էր, որ «Որոտանի» կառավարման լիազորությունները ժամանակավորապես վերապահվել են նրան:
Որոտանի հէկ-ի դեգերումները այսքանով , սակայն, չեն ավարտվել: Դեռ մինչեւ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնելը, ՀԷԿ-ը փորձ է արվել մասնավորեցնել: Այն ընդգրկվել է ԱԺ ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» օրենքի նախագծում: Սակայն 2002թ. դեկտեմբերի 26-ին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց օրենքում ու մասնավորեցման ծրագրից հանվեց Որոտանի հէկ-ը: Հետո հէկ-ն ընդգրկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ.ծրագրի մասին» նախագծում, որտեղից, սակայն, եւս հանվեց:
Դրանից հետո Որոտանի հէկ-ն այլեւս չի ընդգրկվել մասնավորեցման որեւէ ծրագրում: Եւ ահա այսքանից հետո 2014թ. հունվարի 29-ին պարզվեց՝ Որոտանի հէկ-ը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը:
Որպես վերջաբան
«Ժողովուրդ»-ը իր երեկվա համարում, անդրադառնալով այս հէկ-ի մասնավորեցման գործընթացին, տեղեկացրել էր, որ որպես Որոտանի հէկ-ի գույք վաճառվել էին նաեւ Սպանդարյանի ու Տոլորսի ջրամբարները, որոնք «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում են պետական հատուկ նշանակության ջրային համակարգ: Իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածը պարզապես արգելում է պետական նշանակության ջրային համակարգերի մասնավորեցումը: Սա արդեն լուրջ կռվան է՝ ապօրինի գործարքը չեղյալ համարելու համար:
Շարունակելի
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
Տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթի Փետրվարի 26-ի համարում