Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանճարը հեռացավ ամբոխից` հրեշտակների կանչն ականջին: Նա բարձրացավ լույսի ուղղությամբ, խառնվեց անսահմանության մեջ այրվող լուսատուներին: Նա դարձավ ժամանակի և տարածության հարատևության խորհրդանիշը:

Գոհար Գասպարյանը աստվածահաճո երևույթ է: Իսկ նրա կյանքն ու երգը գեղեցիկի, ազնիվի, ճշմարտության ու բարու դրսևորում:

Նրա առինքնող կերպարը մեր սրտերում է ու աչքերում: Գոհարը հզոր էր, զորեղ ու զորական: Նա հայ երգի ուժն էր ու զուլալ ջրերի ծովակալը: Արվեստի աստվածակալ տիրակալն էր, ապրած կյանքի ու գործի հավերժակալը: Երգարվեստի բոլոր հսկաներից նա անզուգականն էր, սակայն ճշմարտության բազում դրվագներ իր հետ տարավ: Նրա սիրտն ազնվության և զորեղության դիմանկար էր: Այսօր նա Աստվածների հետ խոսում է աստվածային ձայնով:

Սիրելի՛ Գոհար.

Հայ երաժշտասեր հասարակությունը առիթ ունի և պարտավոր է այս օրերին իր երախտագիտությունը մատուցել Քեզ՝ իր ժողովրդի տաղանդաշատ ու երախտավոր զավակին: Այսօր բոլորիս հիշողությունը հաճելիորեն ծանրաբեռնված է անցած տարիների լեփլեցուն դահլիճներում Քո հանդիսատեսի ու ունկնդրի անկեղծ հիացմունքի ծափողջյուններով, գնահատանքի ինքնաբուխ խոսքերով:

Սիրելի՛ Գոհար.

Դու մեծարել ես հայ արվեստը, հայ ժողովրդին: Այսօր Քո արվեստի երկրպագուները հարգանք են խնկարկում Քեզ՝ չարդարացված մեղանչումներով: Դու ոգեղեն կամուրջ լինելով Հայաստանի և աշխարհի երաժշտական արվեստում, դարձար Հավիտենական հայության Հավիտենական Հայաստանի յուրօրինակ խորհրդանիշը: Պաշտելի Գոհար Քո հավերժությունը ոչ միայն երկրում է, այլև երկնքում:

Երկար տարիներ Քեզ անձամբ ճանաչելով, հետևելով Քո մարդկային կերպա-րին ու արվեստին, որով էլ մինչև օրս հպարտանում եմ:

Համաշխարհային երաժշտական արվեստի անգերազանցելի մեկնաբանը եղար և հոգեկան վայելքի բացառիկ պահեր ընծայեցիր մեր ժողովրդին և օտար արվեստասեր հասարակությանը: Քո մաքրամաքուր արվեստը նման էր Քո հոգուն, որի միջոցով վառ պահեցիր հայ երգի ջահը: Քո յուրաքանչյուր ելույթ օտար երկրում անսպասելի, երջանիկ անակնկալ էր:

Թվում էր, թե Գոհար Գասպարյանի արվեստի մասին շատ բան է ասվել, կամ շա-տերն են նրա մեծությանը ծանոթ: Դա, իհարկե, այդպես չէ: Նրա կյանքի և ճակատագրի խնդիրները քննարկելու, ուսումնասիրելու, նրա ժառանգությունն ամբողջապես գնահատելու համար տասնամյակներ են պետք:

Գոհարը հայ երգարվեստի քարտեզն էր աշխարհի քարտեզի վրա: Եթե մենք քարտեզագրենք նրա երաժշտական արվեստի սահմանները, ապա կստացվի տարբեր մայրցամաքներ ընդգրկող մի վիթխարի հոգևոր տարածք:

Այսօր ես պարտավեր եմ ասելու՝ համամարդկային խոնարհում Քո արվեստի առաջ: Շնորհավոր Քո հոբելյանը:

Խորհին խոնարհում բոլոր մեծերին:

Քո և քո արվեստի նվիրյալ                                                          ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս