ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 գրամ մեթամֆետամին՝ «ՕՊԵԼ»-ի մեջ․ ինչ են հայտնաբերել իրավապահները Արաքս գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Ազգային անվտանգույթան ծառայության Երևանի քաղաքային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի 24-ամյա մի բնակիչ խմբի կազմում զբաղվում է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ստացվեց հավաստի տեղեկություն՝ երիտասարդը Արենի բնակավայրի ճանապարհին է և թմրամիջոց է տեղափոխում Երևան:
Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների և մարզի պարեկների համագործակցությամբ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Արենի բնակավայրի վարչական տարածքում Արմավիրի մարզի Արաքս գյուղի 24 և 28, նաև՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի 17 տարեկան երեք բնակիչները հայտնաբերվեցին, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ 28-ամյա երիտասարդի «Օպել»-ը տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց էլեկտրահարող սարք:
Պարզվել է, որ «ՕՊԵԼ»-ի շարժիչի ծածկոցի տակ փաթեթ կա, որի մեջ թմրամիջոց է, որը պատկանում է 24-ամյա երիտասարդին:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական. վարույթի շրջանակներում կատարվել է մեքենայի խուզարկություն։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 500 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված. փորձաքննությամբ պարզվել է, որ այն մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։ Հայտնաբերվել են նաև դանակ, կաթուցիչ՝ մոխրացած հետքերով և մետաղական լար կտրելու համար նախատեսված գործիք:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։




Լրահոս