Երևան քաղաքի նոր քաղաքային իշխանության շուրջ վերջին շրջանում աղմուկը, չարաշահումները և անգործ նստելու փաստը հաճախ են շրջանառվում։ Քաղաքային պլանավորող և ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ քաղաքային իշխանությունը, ի դեմս Տիգրան Ավինյանի, անտեսում են քաղաքային խնդիրները։ Նրա խոսքով՝ եթե փորձում են քաղաքն ավելի նորաոճ և խնամված դարձնել, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դետալներին և դրանք աչքաթող չանել։
«Սա Կենտրոն վարչական շրջանն է, որտեղ տարիներ շարունակ ծառերը չեն մշակվել, սակայն այս իշխանության օրոք անխնա հատվել են հացենիները, կլիմային ոչ համապատասխան ծառեր են տնկվել։ Մայթին աշխատանք են արել, բնաբաժակում ցեմենտ լցրել, հողը չի երևում։ Ես ասում եմ՝ այս քաղաքում աշխատանքը կիսատ պռատ են արվում»։
Քաղաքային պլանավորողը պնդում է, որ մի շարք թերացումներ կան Երևանի քաղաքապետարանի վարչություններում, որոնք թերանում են թե՛ աղբահանության հարցում, թե՛ շինարարության, թե՛ քաղաքը հարմարավետ դարձնելու հարցում։ Այս թերացումները Վիկտոր Մնացականյանը հնարավորինս ակնհայտ փորձեց ցույց տալ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում։
«Թումանյան փողոցում մոտավորապես կա 30-250 թեղիներ։ Կան պրոբլեմատիկ ծառեր, բայց ժամանակին դրանք լավ էին աճում և շատ բարենպաստ է մեր կլիման։ Իշխանությունները որոշում են հատել այս ծառերը և տնկեն նորը։ Ըստ միջազգային ստանդարտի՝ սենց բարբարոսություն չեն անում, սա խախտում է»։
Մնացականյանը նշում է հստակ խնդիրներ, որոնք Երևանում առկա են դեռ վաղուց, սակայն ներկայիս իշխանություններն այդ խնդիրները հարթելու փոխարեն, այն ավելի են խորացնում։ Ըստ նրա՝ Երևան քաղաքում խնդիրները լուծվում են ոչ նպատակահարմար եղանակով և քաղաքը դարձնում են անկանոն դասավորությամբ։ Իսկ սրա պատճառներից մեկը քաղաքային պլանավորողը համարում է ղեկավարների անտարբերությունը և քաղաքում չշրջելը։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան