ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պաշտպանության փոխնախարարը գաղտնիք է բացահայտել. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ Պաշտպանության նախարարության փոխնախարար Կարեն Բրուտյանը պետական գաղտնիք է բացահայտել:

Նա իր խոսքում հայտարարեց, որ ատեստավորման համար դիմել է 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել են 5783։ Ատեստավորում անցածներից գերազանց են ստացել 91-ը, լավ՝ 583, բավարար 2152-ը , անբավարար՝ 2957-ը։  Հետո հավելեց, որ ատեստավորվել են 2826 զինծառայող։

Այսինքն՝ 2826 զինծառայողի աշխատավարձ է բարձրանալու, իսկ կեսը անբավարար է ստացել։

Իսկ ո՞րն է այստեղ պետական գաղտնիքը: 4 օր առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութան քարտուղար Տիգրան Աբրահամյանը հրապարակավ հայտարարել էր, որ Կառավարությունից գրավոր պահանջել է տրամադրել ատեստացիայի մասնակիցների և անցածների թիվը, սակայն ՊՆ-ից այդ տվյալները ուղարկվել են պատգամավորին գաղտնիության պահանջով, որ չհրապարավի.

«Սա ես գրում եմ, որովհետև մեկ ամիս առաջ ՊՆ հարցում արել եմ և թվերին տիրապետում եմ, ուղղակի այդ թվերը գաղտնի գրությամբ է ներկայացվել, և դրանք հրապարակելու իրավունք չունեմ»:

Եւ ահա ստացվում է, որ այն, ինչ գաղտնիք է պատգամավորի համար, փոխնախարարը կարող է հրապարակել ու մնալ անպատիժ:

Հիշեցնենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է, որ ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`

• «Հատուկ կարևորության»,
• «Հույժ գաղտնի»,
• «Գաղտնի»:

ԵՎ բոլոր դեպքերում բացահայտումը կալանք է նախատեսում, և իրավապահ կառույցները պետք է ձեռնամուխ լինեն օրինախախտ փոխնախարար Բրուտյանին պատժելու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս