ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակբա բանկի գլխամասային նոր գրասենյակը կառուցվում է ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և միջազգային բարձր ստանդարտներով։
Գրասենյակը բաղկացած կլինի 7 հարկից և կունենա շուրջ 13 հազար քմ տարածք։
Նախագծի սեփականատերն ու ֆինանսավորողը բանկի հիմնական բաժնետեր Ակբա Ֆեդերացիան է, կառուցող կազմակերպությունը՝ իտալական Ռենկո ընկերությունը։
«Դեռ 18 տարի առաջ այս տարածքը ձեռք է բերել Ակբա բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն երջանկահիշատակ պարոն Գիշյանը. նպատակ ունեինք բանկի գլխամասային գրասենյակը կառուցել այստեղ։ Տարածքը ստրատեգիկ հանգույցում է, Երևան քաղաքի «դուռն» է, երբ օդանավակայանից ենք գալիս։ Այս նոր գրասենյակի կառուցմամբ ուղերձ ունենք մեր սերունդներին, որ բոլորս պետք է խարսխվենք մեր հայրենիքում, ապագան ու անձնական երջանկությունը կառուցենք մեր երկրում։ Հավատացնում եմ, ուր ուզում եք գնացեք. Երևանից լավ քաղաք չկա, Հայաստանից լավ երկիր չկա, հայ ժողովրդից էլ ավելի լավ ժողովուրդ չկա»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Այս նախագիծը Ռենկոյի՝ Հայաստանում իրականացվող ամենամեծ ծրագիրն է։ Մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել, հասկանում ենք՝ որքան կարևոր է այն բանկի ապագայի համար։ Մեր նախագծողները աշխատել են բանկի թիմի հետ, փորձել ենք մոդեռնը համատեղել հայկական էլեմենտների հետ։ Ռենկոն արդեն 20 տարի Հայաստանում է, իրականացրել ենք տարբեր նախագծեր, բայց այս շենքն իր տեսակով լինելու է եզակի և համապատասխան բնապահպանական միջազգային բոլոր չափանիշներին»,- նշել է Հայաստանում Ռենկո ընկերության գլխավոր տնօրեն Անդրեա Դելլասանտան։
«4 տարի առաջ մեկնարկեց նախագիծը։ Բանկի ղեկավարությանը ներկայացրեցինք կոնցեպտը, խնդիր էր դրվել ունենալ յուրահատուկ շենք։ Երկար քննարկումներից հետո ծնվեց այս նախագիծը, որի մեջ հոգի կա։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, Հայաստանում այս մակարդակի առաջին շենքն է, պահպանվել են բնապահպանական բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում»,- նշել է նախագծի գլխավոր ճարտարապետ Գուիդո Դե Նովելիսը։

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5800 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




Լրահոս