2023 թվականի մի քանի օր տևած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով՝ սեպտեմբերի 24-ից սկսած Արցախի բնակչությանը տարհանեցին Հայաստան՝ տեղը զիջելով Ադրջեջանի Հանրապետությանը: Այժմ համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները վանդալիզմի ենթարկում Արցախի մի շարք հուշակոթողներ, գերեզմանատներ, եկեղեցիներ, հուշարձաններ:
Վերջին տարածված տեսանյութում երևում է, որ նախկինում Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հուշարձանը այժմ չկա:
ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով.
«Մենակ Շառլ Ազնավուրը չի, այլ նաև Շահումյանի, Բեկոյի արձանը նույնպես հանել են: Նույն վանդալիզմը, նույն ձեռագիրը: Ադրբեջանը փորձում է հայկական հետքը վերացնել Արցախի տարածքից: Հները, որոնք չի ոչնչացնում, ներկայացվում է որպես աղվանական մշակույթ, աղվանական ժողովրդի պատմամշակութային ժառանգություն: Նոր հուշարձանների քանդումը նրանք արդարացնում են 30 տարիների օկուպացիայի ժամանակաշրջանում արված անօրեն կառույցներ, քանդակներ են, որոնք պետք ապամոնտաժվեն»:
Արմինե Հայրապետյանի խոսքով՝ վերջին դեպքերից է նաև Ջրականի մատուռի կողքի խաչքարի ապամոնտաժումը:
«Մատուռը միջից ամբողջությամբ ցաք ու ցրիվ վիճակ էր, ջահը՝ հատակին, սրբապատկերները՝ գետնին լցրած, իսկ կողքի խաչքարը ամբողջությամբ ջարդված էր»,- ասաց նա:
Էմմա Մարտիրոսյան