Նիկոլ Փաշինյանը, բացի իր տնից, ՔՊ գրասենյակից, մնացածը կարող է հանձնել. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:

«Երկրի» հարցին ի պատասխան ԱԳՆ-ից պատասխանել են․ «Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը նաև նախկինում հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է եղել, նշում է՝ Վրաստանի հետ երբեք սահմանային խնդիր չի եղել.

«Նիկոլի դեպքում ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, կարող է Հայաստանի կեսը տալ Ադրբեջանին, մյուս կեսը՝ Թուրքիային ու այլ երկրներին, մենակ Հանրապետության հրապարակը կպահի, որ ինքը վարչապետ լինի: Իսկ եթե լուրջ՝ Ջիլիզան ի՞նչ կապ ունի Վրաստանի հետ, դրա կողքն ամբողջությամբ հայկական գյուղեր են: Ջիլիզան ամբողջությամբ հայկական է, ի՞նչ քարտեզով պետք է տա Վրաստանին: Չնայած, եթե Նիկոլ Փաշինյանն է մեր հույսը, ապա ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը, բացի իր տնից, ՔՊ գրասենյակից, մեկ էլ Իջևանի իր ծննդավայրից, մնացածը կարող է հանձնել:

Ես եղել եմ հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ու երբեք նման թեմա չի եղել վրացի մեր գործընկերների հետ: Միայն մի խնդիր է եղել, քանի որ սահմանը դելիմիտացված չէ, այդ հատվածում անտառով է անցնում սահմանը ու եթե անտառը կտրելով անցնում ես, մեր սահմանը փոքրանում է, դրա համար էինք ասում՝ պետք է դելիմիտացիա արվի: Նորից եմ ասում, բայց Փաշինյանից ամեն ինչ սպասելի է՝ կարող է քնից զարթնենք, տեսնենք՝Ջիլիզան էլ է տվել, եթե մի մարդ ասում է՝ իմ երկիրը կադաստրի վկայական չունի, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց Շարմազանովը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս