«Մենք չենք կարծում, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը Մեղրու կամ այլ երթուղու այլընտրանք է. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենշաբաթյան ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է միջտարածաշրջանային հաղորդակցությունների բացումն ու ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները:

«Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները խոսել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման պատրաստակամության մասին՝ ինքնիշխանության և իրավազորության սկզբունքի հիման վրա՝ հավասարության և փոխադարձության շրջանակում։

Ադրբեջանը, ըստ էության, չի հրաժարվել նման մոտեցումից։ Այս թեման ավելի վաղ մանրամասն քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով»,- ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ աշխատանքն այժմ կանգ է առել հայ գործընկերների դիրքորոշման պատճառով։ Նա տրամաբանական է համարել Ռուսաստանի ԱԴԾ սահմանային խմբի վերահսկողությունը՝ Մեղրու երթուղու թե՛ երթևեկության օպտիմալ կազմակերպման, թե՛ տնտեսական տեսանկյունից։

«Ռուս սահմանապահներն արդեն տեղակայված են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը։ Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկին», մենք չենք կարծում, որ դա Մեղրու կամ այլ երթուղու այլընտրանք է։ Ավելի շուտ, դա տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հաղորդակցությունների ապագայի ավելի լայն պատկերացում է: Ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակներում Ալեքսեյ Օվերչուկն աջակցություն է հայտնել նախագծին և նշել Ռուսաստանի ներդրումը դրա իրականացման գործում»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հարցում արտատարածաշրջանային խաղացողների դժկամությունը բացատրել է բացառապես քաղաքական իրավիճակով:

«Նրանք շահագրգռված չեն միմյանց և հարևանների հետ Հայաստանի ու Ադրբեջանի փոխկապակցվածության բարձրացմամբ։ Նրանք ձգտում են տարածաշրջանը կտոր-կտոր անել, ներկայացնել իրենց շահերը՝ հաստատ չմտածելով ուրիշների շահերի մասին, և այդպիսով խորացնել հակասությունները երկրների միջև»,- եզրափակել է Զախարովան։




Լրահոս