Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ օրեր առաջ կառավարությունում տեղի էր ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը. խոսքը ՔՊ-ական ավագանու 4 անդամների մասին է։
Ի՞նչ է սպասվում անհամատեղելիության կարգով այլ պաշտոն զբաղեցնող ավագանու անդամներին, ի՞նչ է որոշել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնում։
-Պարո՛ն Մինասյան, Հակակոռուպցիոն քաղաքական խորհուրդը հերթական նիստը արեց. օրակարգում ավագանու այն անդամների հարցն էր, որոնք անհամատեղելիության սկզբունքով նաեւ հանրային ծառայողի պաշտոն են զբաղեցնում: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ավագանու տվյալ անդամները կշարունակեն պաշտոնավարել, մինչեւ համապատասխան օրենքներում փոփոխություններ լինեն, եւ նոր օրենքը կտարածվի արդեն նոր ձեւավորվող ավագանու վրա: Կխնդրեմ մեկնաբանել՝ ինչ է սա նշանակում:
-Ինչպես գիտեք, կա ֆորմատ՝ Հակակոռուպցիոն մշտադիտարկման խորհրդի նիստ: Այս անգամ նիստին մեկ օրակարգային հարց էր. խնդիր է առաջացել տարբեր օրենքներում, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում, ՏԻՄ օրենքում եւ «Երեւանի մասին» օրենքում: Կարգավորումները շատ խառն են ձեւակերպված, եւ այդ է պատճառը, որ իրավաբանների մի մասը գտնում է, որ, այո, ավագանին իրավունք ունի համատեղել, նաեւ կա դրա միջազգային փորձը, բայց մեծամասնությունը գտնում էր, որ համատեղությունը սխալ է, եւ ավագանու կազմում չպետք է լինեն պետական ծառայողներ: Երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում որոշում կայացվեց, որ օրենսդրությունը այնպես բարեփոխվի, որ այլեւս համատեղելիություն չլինի, այսինքն՝ այդ տարընկալումը չլինի, հստակեցվի, որ հանրային ծառայողը կարող է լինել ավագանու անդամ, իսկ ավագանու անդամը չի կարող եւ այլն: Ամենը պետք է հստակեցվի, եւ քանի որ կան ավագանու բազմաթիվ անդամներ, որոնք այսօր հանրային ծառայող են, որոշում կայացվեց, որ օրենքը ուժի մեջ մտնի հենց այն համայնքներում, որտեղ կլինեն նոր ընտրություններ: Սա նախնական դիրքորոշում է. նախագիծը կկազմենք, այնուհետեւ կառավարությունը կհաստատի, եւ վերջում, բնականաբար, Ազգային ժողովն է որոշելու գլոբալ օրենքի ճակատագիրը:
-Ե՞րբ է նախարարությունը սկսելու գործընթացը:
-Մենք այսօրվանից սկսել ենք, երկու շաբաթվա ընթացքում կունենանք նախագիծ, կուղարկենք նախարարական կոմիտե, որը հաստատելուց հետո արդեն կգնա կառավարության նիստ: Ունենք վարչապետի հանձնարարականը, մշտադիտարկման խորհրդի առաջարկը, որպեսզի հնարավորինս շուտ դա տեղի ունենա:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՈՎ
Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: Ինչպես հայտնում են Հայաստանի Ազգային ժողովից, այս մասին հայտնել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովը պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ Բուլղարիայի խորհրդարանականների հետ:
Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության, ընդհանուր արժեքների եւ մշակութային կապերի վրա:
Ալեն Սիմոնյանը, ողջունելով Բուլղարիայի ԱԺ նախագահին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ընդունելության համար:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը եւ շարունակական զարգացումը կարեւոր են Հայաստանի համար:
«Բարձր մակարդակի կանոնավոր միջխորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ կլինի Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման հարցում: Մենք պետք է խթանենք ուսանողների երկկողմ փոխանակումների գործընթացը եւ բարեկամական խմբերի գործունեությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ եւ բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաեւ կարեւորել է հայ-բուլղարական առեւտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Բուլղարիայի ներգրավվածությունը եւ աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում:
«Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշել է Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման, երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության շուրջ:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԼԵԳԻՏԻՄ ԻՐԱՎՈՒՆՔ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի մեղադրանքներին՝ Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։
«Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը նաեւ մեր բանակի բարեփոխումների եւ Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինություն եւ տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ։ Բայց, ինչպես ասել եմ սույն թվականի հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առիթով, ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Սա որեւէ մեկը չի կարող ժխտել։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարեւան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը եւ սեփական տարածքից դուրս նպատակներ չունի։ Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետեւ, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար կարեւորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նման նպատակ ունենալու մեջ որեւէ երկիր որեւէ այլ երկրի երբեւէ չի կարող մեղադրել։
ՇԵՆՔԸ՝ ԱՐԺԵՔ
Հայաստանը կգնի Փարիզի 16-րդ թաղամասում տեղակայված Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին պատկանող շենքը ՀՀ դեսպանատունն այնտեղ տեղակայելու նպատակով։ Հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում է։
Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ:
«Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատեւ բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:
Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծով առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում, ուստի առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2 միլիոն 300 հազար եվրոյին համարժեք դրամ։