18 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ՝ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամարյան» բարեգործական հիմնադրամը 18 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից «301 Իմաստության երկիր» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Տարեցների ցերեկային ժամանցի եւ խնամքի կենտրոն» ծրագրի համար, որի առաջնահերթ նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների բարեկեցությունը: Գումարը կուղղվի տարեցների կենտրոնի շենքի գնմանը:

 

«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի այս կենտրոնը կունենա 24 սենյակ, սոցիալական ճաշարան, ցերեկային կենտրոն՝ այս խոցելի խմբին ապահովելով արժանապատիվ կենցաղային պայմաններով եւ սոցիալական ծառայություններին հասանելիությամբ, ինչպես նաեւ ապահով միջավայր կստեղծի շփման եւ միայնության ու մեկուսացման զգացողության հաղթահարման համար:

«Այս նախաձեռնությունը համահունչ է մեր հիմնադրամի համոզմունքներին եւ արժեքներին։ Արցախում տեղի ունեցածը լուրջ մարդասիրական մարտահրավեր է ստեղծել, եւ, համագործակցելով «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նման կազմակերպությունների հետ, որը Սյունիքում ավելի քան 15 տարի զբաղվում է սոցիալական ծրագրերով, «Ամարյան» բարեգործական հիմնադրամը ցանկանում է շոշափելի դրական փոփոխություն մտցնել այս ճգնաժամից տուժածների կյանքում»,- ասել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Ամարյանը։

«Մեր արմատները Սյունիքից են, եւ այս մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում։ Չէինք կարող մեր ներդրումը չունենալ Սյունիքի հրատապ կարիքներին ուղղված այս նախաձեռնության մեջ»,- նշել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանը՝ ընդգծելով աջակցության ջանքերի համակարգված լինելու կարեւորությունը։

Նա նշել է, որ կենտրոնը կտրամադրի անհրաժեշտ ապաստան եւ աջակցություն այն տարեցներին, որոնք կորցրել են իրենց տունն ու հարազատներին։

«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն ասել է, որ 2020 թվականի պատերազմից հետո «Վիննեթ Գորիս»-ը ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերելով նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։ «Ակնհայտ էր, որ այս դժվարին իրավիճակում առավել խոցելին առանց խնամքի մնացած տարեցներն են, թոշակառուները, որոնք ամենաշատն են հոգատարության կարիք զգում։ Կարեւոր է ստեղծել պայմաններ, որպեսզի տարեցներին արժանապատիվ սոցիալական ծառայություններ մատուցվեն, նրանց զբաղվածության ու ժամանցի հարցը լուծվի։ Գաղափարները շատ են, եւ դրանք իրականացնելու համար մեզ գործընկերներ են պետք։ Առաջինն արձագանքեց «Ամարյան» բարեգործական հիմնադրամը, ինչի համար շնորհակալ ենք։ Մենք գնահատում ենք վստահությունը, տարեցների խնդիրները թեթեւացնելու պատրաստակամությունը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը որակապես փոխելու է հարյուրավոր տարեցների կյանքը, իսկ նրանց ջերմացնող ժպիտները, հոգսաշատ կյանքը մի փոքր ուրախ դարձնելը մեզ համար ամենակարեւորն են։ Այս մեծ գաղափարի կյանքի կոչման համար յուրաքանչյուրի ջանքերն ու ներդրումներն, անկասկած, ողջունելի են»,- նշել է Ռուզաննա Տոռոզյանը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ՀԱՂԹՈՂ՝ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

Քաղցկեղի դեմ տարած հաղթանակը խորհրդանշող զանգը եւս մեկ անգամ հնչեց. այս անգամ այն հնչեց 10-ամյա Ալեքսի համար` ազդարարելով առողջ կյանքի սկիզբը: Վանաձորցի Ալեքսը անձամբ հնչեցրեց խորհրդանշական զանգը, ապա շրջեց արյունաբանական կենտրոնում՝ բուժում ստացող բոլոր բալիկներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

 

10-ամյա Ալեքսը իր բուժող բժշկի կողմից ստացավ նաեւ խորհրդանշական մեդալը՝ «Հաղթող՝ կյանքի պայքարում»:

Երազանքներ ու նպատակներ Ալեքսը շատ ունի, որոնց մեծ մասը կապված են քաղցկեղ ունեցող մարդկանց օգնելու հետ:

«Երբ մեծանամ, երազում եմ բանկի կառավարիչ դառնալ, որ կարողանամ շատ գումար աշխատել եւ նվիրել հիվանդանոցին քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար»,- ասաց Ալեքսը:

Ալեքսին բուժող բժիշկ, արյունաբան Գրիգոր Վարդանյանը  նշեց, որ երկու տարի  բարդ ճանապարհ են անցել, բայց կարողացել են հաղթահարել սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդության բավականին բարդ տարբերակը:

«Բուժման ընթացքում ունեցանք բարդություններ, որոնք Ալեքսը հաջողությամբ հաղթահարեց, եւ այսօրվա մեդալը, որ նա ստացավ՝ որպես կյանքի համար պայքարում հաղթող, միանշանակ արդարացված է, քանի որ նա այս պայքարում իրապես հաղթող է: Այսօր նա հաջողությամբ ավարտել է եւ՛ հիմնական, եւ՛ բուժմանը հաջորդող պահպանողական բուժման փուլը»,-ասաց արյունաբանը:

«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ հիմնադրամը նոր ձեւաչափով քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է 2018 թվականից՝ ֆինանսավորելով 750 երեխայի բուժում, որոնցից 450-ն արդեն ավարտել են իրենց բուժումը:

«Այս օրը, բնականաբար, շատ հատկանշական է, քանի որ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մենք այդ պայքարը տանում ենք եւ տանելու ենք տարին 365 օր անդադար»,-ասաց Դեմիրճյանը:

Հիմնադրամի առաքելությունն այսօր կարեւոր դեր ունի, քանի որ, ըստ տնօրենի, շատ-շատերը առանց հիմնադրամի աջակցության չէին կարողանա հոգալ բուժման ծախսերը: Ըստ նրա՝ հիվանդների 70 տոկոսը գալիս են մարզերից եւ ունեն սոցիալական ծանր վիճակ:

Իրենց բուժման ավարտն ազդարարած փոքրիկներն ապացույցն են այն գաղափարի, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն կարելի է հաղթահարել բժիշկների, աջակիցների, դրական եւ հաղթական տրամադրվածության շնորհիվ:

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ամբողջ աշխարհը 2002 թվականից ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը եւ աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Է.  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ

«Նախատեսում եմ սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու օրենսդրական փոփոխությունների գործընթաց»,- Ազգային ժողովում փետրվարի 15-ին «Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ» լսումների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նա նախատեսում է այդ օրենսդրական բարեփոխումներն իրականացնել 2024 թվականին։ «Որպես խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ ես բազմաթիվ մտահոգիչ հաղորդագրություններ եմ ստանում՝ հատկապես եզդի համայնքում վաղ ամուսնությունների հետ կապված։ Պետք է ասեմ, որ այս խնդիրը բավականին տարածված է։ Վաղ ամուսնությունների դեպքեր կան նաեւ հայերի շրջանում»,- ասաց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ տարիքը, որը թույլ է տալիս զույգերին ամուսնանալ, 18 տարեկանն է։ Ընդ որում՝ անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում, սակայն ծնողների, որդեգրողների կամ խնամակալի համաձայնությամբ: Անձինք կարող են ամուսնանալ 16 տարեկանում, այնուամենայնիվ, պայմանով, որ կա ծնողների, որդեգրողների կամ խնամակալների համաձայնությունը, ինչպես նաեւ եթե ամուսնության մեջ մտնող մյուս անձը 18 տարեկանից բարձր է։

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք. Երեւան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաեւ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետեւյալ անհամապատասխանությունները՝

սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող եւ ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,

պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

առաստաղները եւ վերին ամրությունները, պատուհաններն ու այլ բացվածքները նախագծված եւ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը եւ մասնիկների թափվելու հնարավորությունը, բացակայել են միջատապաշտպան ցանցերը,

սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ,

սննդային թափոնները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղում։

Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

 

 




Լրահոս