ՄԵՐ ԱՆՑՅԱԼՆ Է, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի առթիվ փետրվարի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Էպոսի լավագույն ընթերցող» խորագրով խաղ-մրցույթը:

 

Մրցույթին մասնակցեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցի աշակերտները՝ «Սասուն», «Առյուծ Մհեր», «Մարաթուկ» թիմերով: Հաղթեց «Մարաթուկ»-ը:

Հիմնադրամի ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Կուրղինյանը հիշեցրեց՝ 1874-ին հայ հոգեւորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանը տպագրել է «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուն, որի հավելվածում լույս է տեսել «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։

«Սա հրաշալի առիթ է անդրադառնալու մեր ազգային հարստությանը: Միջոցառումը  նպատակ ունի մատաղ սերնդի շրջանում խրախուսելու էպոսի ընթերցումը, խթանելու դրա ճանաչումն ու բացառիկ դերի գիտակցումը: Մեր օրերում շատ կարեւոր է  աշակերտներին մեր արժեքներին ծանոթացնել, նրանց դաստիարակել հայեցի, համամարդկային գաղափարներով, իսկ էպոսը դրա լավագույն օրինակն է»,-շեշտեց Կուրղինյանը:

Նրա հավաստիացմամբ՝ կրթական համակարգում հիմնական անելիքն ուսուցիչների ուսերին է. աշակերտը խոպան դաշտ է, եւ ուսուցիչը պետք է կարողանա ճիշտ սերմեր ցանել, ճիշտ գաղափարներ փոխանցել, արժեհամակարգ ձեւավորել, քանի որ հասարակությանը պիտանի քաղաքացիներ տալու առաքելությունն է  վստահված դպրոցին:

«Ուսուցիչը պետք է պատրաստված լինի, ունենա բավարար գիտելիքեր՝ արդիական լույսով ներկայացնելու էպոսը, որ աշակերտը ցանկություն ունենա սովորելու,  հասկանա, թե ինչու է հարկավոր ընթերցել էպոսը, որը մեր անցյալն է, ներկան ու մեր ապագան»,-ասաց Շուշանիկ Կուրղինյանն ու հավելեց՝ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Մրցույթի ժյուրիի կազմում էր գրականագետ, էպոսագետ, բ.գ.թ., ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Հայկ Համբարձումյանը, որի խոսքով՝ մինչ «Գրոց ու բրոց» ավանդությունների ու զրույցների ժողովածուի հրատարակումը էպոսը տարածված էր Արեւմտյան Հայաստանում սասունցիների, մշեցիների, մոկացիների շրջանում, իսկ Գարեգին Սրվանձտյանը 1873-ին հայտնաբերեց այն, 1874-ին հրատարակեց, ինչի արդյունքում մեծ հետաքրքրություն առաջացավ էպոսի նկատմամբ, որը չի մարում մինչ օրս:

«Հայ ժողովուրդն այս էպոսի մեջ գտնում է իր էությունը, ինքնությունը, ձգտում է նմանվել էպոսի հերոսներին, հատկապես՝ Սասունցի Դավթին, որը հերոսական ոգի ունի, ապավինում է իր նախնիների հզորությանը, սիրում է հայրենիքը, մեծ հարգանք է տածում միջավայրի հանդեպ: Մենք առաջին հերթին մեզ նույնացնում ենք  Դավթի խիզախության, ծռության հետ, համարում ենք, որ ծռությունը խիզախության բարձրագույն դրսեւորում է, բայց էպոսում նաեւ այլ հերոսներ կան, որոնք կարողանում են հզորացնել, շենացնել երկիրը»,-ընդգծեց Համբարձումյանն ու հավելեց, որ կարեւոր է ազնվությունը սեփական երկրի, հայրենիքի, անցյալի հիշատակների նկատմամբ, ինչն էպոսի ուղերձներից է: Նա հիշեցրեց՝ Դավիթը սպանվում է այն ժամանակ, երբ տոհմիկ սրբությանը դավաճանում է՝ սխալ երդում տալով:

Գրականագետը կարծում է՝ հոբելյանական միջոցառումներն առիթ դարձնելով՝ առնչվում ենք մեր մեծ ու գաղափարական արժեքների հետ, որոնք սերմանում են հայրենասիրություն, առաքինություն, բարեպաշտություն, ստեղծում ու ներկայացնում են հայի լավագույն տեսակը:

Միջոցառմանը զուգահեռ Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվեց հայկական ժողովրդական էպոսին նվիրված գրականության ցուցադրություն։

Գրադարանի հանրային կապերի բաժնի առաջատար գրադարանավար Նարինե Գիժլարյանը, ներկայացնելով ցուցանմուշները, ասաց. «Ցուցադրված է 1874 թվականին հրատարակված գիրքը, որից հետո սկսվում են «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրությունները: Բանահավաքները հավաքել են տարբեր մարդկանց պատմությունները՝ կապված էպոսի հետ, եւ 1936 թվականին Մանուկ Աբեղյանի ձեռամբ կազմվել է առաջին հատորը, հետագայում՝ եւս երկուսը, որոնք եւս ցուցադրված են: Հնարավոր է տեսնել նաեւ Հակոբ Կոջոյանի ձեւավորմամբ, Սարգիս Հարությունյանի մշակմամբ էպոսը, ազգային գրադարանի կազմած մատենագիտությունը, ցուցադրված է նաեւ «Սասունցի Դավիթ» առաջին համահավաք բնագիրը, որի (1939) 85-ամյակն է նշվում: Այն կազմել են Մանուկ Աբեղյանը, Գեւորգ Աբովը, Արամ Ղանալանյանը, խմբագրել է Հովսեփ Օրբելին, իսկ նկարազարդումների հեղինակը Մհեր Աբեղյանն է»:

Ցուցասրահում հնարավոր է տեսնել նաեւ «Սասնա ծռեր» էպոսի խորհրդային շրջանի  հրատարակություններ, «Սասունցի Դավիթ» էպոսի գրական մշակումները, որոնք իրականացրել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյան, Թոթովենցը, Սիտալը եւ այլք, էպոսի թարգմանություններն ու հայտնի ձեւավորումները:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԺԱՅՌԱՓՈՐ ԴԱՄԲԱՐԱՆ

 

Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել է, եւ աշխատանքները դադարեցվել են: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու եւ հրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի եւ կստանա նաեւ նորահայտ հուշարձանի կարգավիճակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը քննարկել եւ հստակեցրել է նաեւ Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման եւ տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռք բերման մրցույթի տեխնիկական բնութագիրը եւ պահանջները: Նախագծի մրցույթը ԿԳՄՍ նախարարությունը կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում: Քննարկվել է նաեւ Աղձք պատմամշակութային արգելոցի հարակից տարածքը հանրության գերակա շահ ճանաչելու եւ արգելոցի տարածքին միացնելու հարցը:

Հ.  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

35 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 15-ի նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում եւ Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման եւ անցկացման նպատակով:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ:

Մասնավորապես՝ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կհյուրընկալվի Ավստրիայի ընտրանուն, իսկ փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստան-Ալբանիա հանդիպումը:

Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը եւ երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

 

 

 

ՈՒՆԱԿ ԷՐ ԱՎԵԼԻԻՆ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նպատակ ունի փոխել քաշային կարգը:

«Չեմպիոնությունը պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը մոտ մեկ ամիս եւ 10 օր էինք պատրաստվել: Ժամանակը քիչ էր: Կարող էի ավելին անել, նույնիսկ ավելին, քան արել էի Երեւանում նախորդ տարի կայացած առաջնությունում: Չստացվեց: Փառք Աստծո, որ այս կիլոգրամներով կրկնեցի Եվրոպայի չեմպիոնությունը: Փորձելու եմ  հետագայում բոլոր սխալներս ու թերություններս շտկել: Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին, բոլոր նրանց, որոնք ի սրտե ուրախացել ու հավատացել են ինձ»,-  ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Սահակյանի խոսքով` ինքն ունակ էր ավելին անել թե՛ Պոկում, թե՛ Հրում վարժություններում, իսկ գրանցած արդյունքը չի բավարարում իրեն:

«Կարծում եմ՝ քաշային կարգս կփոխեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-ընդգծեց նա:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Սահակյանը Պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ եւ դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը մեկ մոտեցմամբ դարձավ այս վարժության ոսկե մեդալակիր` գլխավերեւում պահելով 171 կգ: Երկամարտի 311 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ ոսկե մեդալակիր:

 

 




Լրահոս