ՔՆՆԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ԶԵԿՈՒՅՑ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը:

Հանձնաժողովի վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, արդեն մեկնարկել են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է ձգձգել դրա աշխատանքները. հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչեւ մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի, բայց Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու:

Թե ինչ կա Քոչարյանի մտքին, պարզ չէ. հավանաբար, ինքն էլ հասկանում է, որ իր գլխավորած հանձնաժողովն իրականում որեւէ աղմկահարույց բացահայտում չի անելու ու փորձում է ձգձգել զեկույցի հրապարակումը:

Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Նրանց քաղաքական նպատակը Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից մաքրելն է:

 

 

 

 

ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխհամագործակցությունը: ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին այս հարցը  օրակարգային է եղել: Ինչպես մեզ փոխանցեցին, որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացրել ու հրահանգել է թիմակիցներին ակտիվ աշխատանք տանել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ, խորացնել համագործակցությունը նրանց հետ, անդամակցել: Ուշագրավ է նաեւ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը ՔՊ-ականների օրակարգում չի եղել: Սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունների գնալ, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում: Թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, դժվար է ասել:

 

 

 

 

Էկոնոմիկայի նախարարության առանցքային պաշտոնյան դեռ ստվերում է։ Մինչ Էկոնոմիկայի նախարարությունում մոլեգնում են ձերբակալությունները, Կարեն Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը, որն ի պաշտոնե ստորագրել կամ մակագրել է նախարարության գրեթե բոլոր փաստաթղթերը, իր «հանգիստն» է անցկացնում ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում։ Հատկանշական է, որ Սարգսյանը դեռ հեռավոր 2000-ականներին եղել է Գնումների գործակալության ղեկավարներից, ասել է թե՝ տիրապետում է ոլորտի «նուրբ արվեստին»։ Նա 2001-2006 թվականներին եղել է ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման բաժնի պետ։ 2006-2011 թվականներին  ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության ներքին հսկողության բաժնի պետ է եղել։  Հատկանշական է, որ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը հայտնի ձերբակալություններից օրեր առաջ անակնկալ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հավելենք նաեւ, որ նույն նախարարության շուրջ պայթած սկանդալից առաջ էլ Անի Իսպիրյանն էր ազատվել աշխատանքից, ինչին հաջորդեց նրա ձերբակալությունը։

 

 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 15-ին գնել է 9 մլն 478 հազար 800 դրամ արժողությամբ արկղեր։ Ուսումնասիրելով բաց աղբյուրներում տեղադրված գնման պայմանագրերը՝ պարզեցինք, որ գնման առարկան պարզապես արկղ չէ։ Գնման առարկան ջերմային կարգավորմամբ արկղ է, որը նախատեսված է անխափան էլեկտրական սնուցման աղբյուրի տեղադրման համար: Արկղի մոդելը SNR-OWC-096060-CHE է, որը պատրաստված եւ արտադրված է Չինաստանում։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ պաշտպանվածության կարգը պիտի լինի IP54, իսկ  աշխատանքային ջերմաստիճանը՝ -50C-ից + 45C աստիճան, օդի հարաբերական խոնավությունը +20C աստիճանի դեպքում՝ 80%,  աշխատանքային պայմանները՝ ցանկացած եղանակի դրսում շահագործում, ջերմային կարգավորման համակարգ, չափերը՝ 9U 600մմ խորությամբ, դուռը՝ առջեւից բացվող, փականով: Երաշխիքային ժամկետ՝ 1 տարի։ Ընդհանուր առմամբ, նախարարությունը գնել է 20 նմանատիպ արկղեր, որի մեկ հատի արժեքը կազմել է 473 հազար 940 դրամ։

 




Լրահոս