«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել է քաղաքական վերջին կարեւոր իրադարձությունների մասին:

 

-Պարո՛ն Բադալյան, տեսնում ենք՝ իշխող կուսակցության ներսում ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմակիցների նկատմամբ է ինչ-որ գործողություններ իրականացնում. սկզբում Ալեն Սիմոնյանի եղբոր կինն էր, հիմա Քերոբյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացվեց՝ տնային կալանք։ Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում։

-Առանձնապես ոչ մի բան չի կատարվում, դա նոր երեւույթ չէ. իշխանության մեջ բազմիցս տարբեր գործիչներ ենթարկվել են քրեական հետապնդումների՝ փոխնախարարներ, այլ մակարդակով գործիչներ։ Ասել, որ լուրջ գործընթաց է տեղի ունենում, ճիշտ չէ. դրանք ընդամենը բամբասանքի հիմքով են գալիս։ Լուրջ փաստարկ չունենք, որ իշխանության մի թեւը մյուս թեւի մեջ գործողություններ է անում։ Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թեւեր, որոնք իրենց միջեւ պայքարում են, դա էլ արդեն նորություն չէ։ Այն, որ կոռուպցիան արդեն կա իշխանության մեջ, նույնպես նորություն չէ, որովհետեւ «Թանսփարենսի ինթերնեյշնըլ»-ը եւ «Հետք»-ը դրա մասին բազմիցս գրել են։ Հիմա հերթական գործընթաց է՝ նախարարի հետ կապված, որը կասկածվում է որոշակի ոչ օրինական գործարքներ իրականացնելու մեջ։ Սրանից ինչ-որ լուրջ հետեւություններ անել եւ ենթադրել, թե հեսա վաղը իշխանությունը փլուզվում է, իրականությանը չի համապատասխանում։

-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը որն է, որ ընդդիմադիրներից անցավ իր թիմակիցներին։

-Ոչ մի թիմակիցների էլ նա չի անցել։ Կան բազմաթիվ բամբասանքներ, որ մենք չենք կարող հիմք ընդունել։ Քրեական գործ է ընթանում, եւ այդ գործի շրջանակում էլ տեղի ունեցան համապատասխան գործողությունները։ Ասել, թե ընդդիմադիրներից անցել է իր թիմակիցներին, այդպիսի բան չկա, որովհետեւ նախարարն էլ անգամ իր թիմակիցը չէ, եթե իրական նայենք. ուղղակի ժամանակավոր նախարար է, եւ բազմաթիվ այդպիսի նախարարներ եկել-գնացել են։

-Պարո՛ն Բադալյան, իսկ ի՞նչ եք կարծում, այս գործընթացը շարունակական կլինի՞, էլի պատժվողներ կլինե՞ն։

-Ոչ ոք չի կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ Հայաստանը իրավական պետություն չէ, որ ասենք՝ այստեղ կասկածելի գործարքներ կան, եւ իրավապահ մարմինները անպայման դրա վրա ուշադրություն կդարձնեն։ Հայաստանում իրավապահ համակարգը անկախ մարմին չէ, դրա համար ոչ ոք չի կարող ասել՝ կլինի, թե ոչ։ Կլինի հրահանգ՝ կանեն, չի լինի՝ չեն անի։ Կլինի հրահանգ՝ ոչ ցանկալի մարդկանց նկատմամբ քրեական գործ հարուցել, կհարուցեն: Ոչ ոք չի կարող Ձեր հարցին պատասխանել։

-Պարո՛ն Բադալյան, նաեւ ընդդիմադիր դաշտում այսպիսի մի տեսակետ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է առաջիկայում սպասվող արտաքին անվտանգային լուրջ գործընթացներից ուշադրությունը շեղել։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը։

-Ո՛չ, չեմ կիսում, որովհետեւ ես չեմ կարծում, որ հանրությունը հինգ տարեկան երեխա է, որ կոնֆետ տաս, ինքն էլ նայի քո ձեռքի կոնֆետին եւ անվտանգային խնդիրների մասին մոռանա։ Հանրությունը հինգ տարեկան չէ, եւ ձերբակալությունները չեն կարող նրա ուշադրությունը շեղել։ Պետք չէ հանրությանը դեգեներատի տեղ դնել։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԱՄՆ-Ն ՍԿՍԵԼ Է ՎԱՏ ԱՊՐԵԼ

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն  անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս տարի սպասվող նախագահական ընտրություններին, երկու հիմնական թեկնածուների՝ գործող նախագահ Ջո Բայդենի եւ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորություններին։

 

Միջազգայնագետը կարծիք հայտնեց, որ քաղաքականությունն առեւտրայնացնելու Թրամփի գործելակերպը շարքային ընտրողների շրջանում կարժանանա հավանության, որովհետեւ ամերիկյան հասարակությունն ինքնին օժտված է բիզնես տրամաբանությամբ եւ ամեն ինչ չափում է այն սկզբունքով, թե բխում է արդյոք այս կամ այն քայլը Միացյալ Նահանգների շահերից։ Նրանք արդեն մեկ անգամ գործարար Թրամփին ընտրել են որպես նախագահ եւ շատ լավ հասկանում են, թե նա ինչ նկատի ունի, երբ շահեկան քաղաքական համաձայնագրերը համարում է հաջողված գործարք։

«Այդ հանգամանքն ընտրություններում միանշանակ ունենալու է իր ազդեցությունը, որովհետեւ Բայդենի կառավարման շրջանում ամերիկյան հասարակությունն ուղղակի սկսել է ավելի վատ ապրել։ Դա կարող է ազդակ լինել Բայդենին չընտրելու եւ գործարար նախագահի հետեւից գնալու համար»,- ասաց միջազգայնագետը։

Նրա խոսքով՝ Թրամփի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշակի փոփոխություններ կկրի։

«Նրա ընտրվելու դեպքում, իհարկե, կլինեն որոշակի փոփոխություններ։ Թրամփը՝ որպես գործարար աշխարհի մարդ, շատ լավ հասկանում է, որ ուկրաինական ուղղությունը չափազանց ծախսատար է ԱՄՆ-ի համար, ուստի Ուկրաինային կստիպեն Ռուսաստանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եւ չի բացառվում, որ հենց ՌԴ-ի հետ կբանակցեն այդ երկրի հետագա ճակատագրի շուրջ»,- ասաց Բալասանյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Թրամփի հայտարարություններն արմատապես հակասում են ամերիկյան քաղաքական վերնախավի ներկայիս գաղափարախոսությանն ու արդեն իսկ իրականացվող քաղաքականությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Թրամփի հռետորաբանությունը որոշ չափով կհանդուրժվի։

«Հայտնի սենատորներից Լինդսի Գրեմը, ով հայտնի է ռուսաֆոբ հայացքներով, արդեն սկսել է հրաժարվել իր հայացքներից եւ դեմ է քվեարկել Ուկրաինային հատկացվելիք աջակցության հերթական փաթեթին։ Այսինքն՝ ամերիկյան վերնախավի մոտեցումներում  տեղի է ունենում որոշակի փոփոխություն, եւ, կարծես, սկսում են հասկանալ, որ ամեն դեպքում հնարավոր չէ Ուկրաինային ցուցաբերել անսահման օժանդակություն՝ ներդնելով ահռելի ֆինանսական միջոցներ, մանավանդ որ ԱՄՆ-ի տնտեսական վիճակն էլ այն չէ, ինչ հինգ կամ տասը տարի առաջ։ Դրան գումարվում է տարեկան 5-6 միլիոն ներգաղթյալների անկանոն հոսքը Միացյալ Նահանգներ՝ հարուցելով լրջագույն տնտեսական խնդիրներ, սրելով նաեւ կրիմինալ վիճակը»,- պարզաբանեց միջազգայնագետը։

 

 

 

 

ՆԱ «ՆԱԽԿԻՆ Է»

«Շատ շուտ է խոսել իշխանական բուրգի ճաքերի մասին». այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։

«Նիկոլի մոտ միշտ անհրաժեշտություն կա հասարակության մի մասին ինչ-որ իրադրությունով կերակրել: Հների կերպարները սպառվել են, դրա համար սկսել է յուրայինների հետ նման կերպ վարվել»,-ասաց նա՝ անդրադառնալով Վահան Քերոբյանի հրաժարականին:

Հարցին՝ Քերոբյանը եւս դառնալու է «նախկին», Նիկոյանը պատասխանեց. «Արդեն, կարծում եմ, նա նախկին է»:

 

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է

Փետրվարի 13-ից 14-ը ՄԱԿ անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության եւ պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման վրա» խորագրով։

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ մի շարք անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտել է պարենային ռեսուրսների շահագործման եւ սովահարությունը որպես պատերազմի գործիք կիրառելու անթույլատրելիությունը՝ ընդգծելով, որ նման գործողություններով ոտնահարվում է միջազգային հումանիտար իրավունքը, որի կոպիտ խախտում է հանդիսանում նաեւ հակամարտություններից եւ ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հումանիտար աջակցությանը խոչընդոտելը։

Հայաստանի դեսպանը հիշատակել է Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ օրակարգի քողի ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման ներքո պահելը, ինչպես նաեւ հետագա լայնածավալ հարձակումը եւ, որպես հետեւանք, հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ դատապարտելի է Ադրբեջանի կողմից փետրվարի 13-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորուստների։ Շեշտվել է, որ այդպիսի սադրանքները հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը մտադրություն չունի պահպանելու միջազգային իրավունքը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը եւ Անվտանգության խորհուրդն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության եւ իրավունքի գերակայության պահպանման գործում։

 

 




Լրահոս