Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ երդման արարողությունից հետո ունեցած ելույթին։ Ներկայացնում ենք Միության հայտարարությունը:
«Բռնատիրության վերարտադրությունը, իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ, Ադրբեջանում այլեւս իրողություն է։ Իլհամ Ալիեւի հռչակած նոր դարաշրջանը ոչ այլ ինչ է, քան հռչակված ժողովրդավարության չհայտարարված ուզուրպացիա։ Իր պաշտոնավարման երրորդ տասնամյակով Իլհամ Ալիեւը հեռակա մրցակցության մեջ է մտնում անցյալում ապրած Արեւելքի բռնապետների հետ՝ ազգայնականության աստառով փաթեթավորելով սեփական վարչակարգի միահեծանության ձգտումները։
Ադրբեջանի նախագահի՝ երդմնակալությանը հաջորդած ելույթը պարզ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանում ծայրահեղ ռասիզմն ու ազգայնականությունը հասել են իրենց կարելիության գագաթնակետին։ Որպես քաղաքական գործիչ՝ Իլհամ Ալիեւն իրեն թույլ է տալիս հայ ազգի ներկայացուցիչներին անվանել «սատանաներ», «թշնամիներ», այն ազգին, որին բոլորովին վերջերս, սովամահության եզրին հասցնելով, խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս։
Ադրբեջանի նախագահը, խոսելով Ստեփանակերտում իր անօրինական ընտրության մասին, ասում է, թե այդ շենքում են ծրագրվել ադրբեջանցիների նկատմամբ «արյունալի հանցագործությունները», սակայն նա, կարծես թե, մոռանում է հիշատակել, թե որ շենքերում են ծրագրվել Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերը, որ շենքերում են նախապատրաստվել պատմական Գարդմանի եւ Նախիջեւանի հայաթափման վայրագ գործողությունները, եւ վերջապես մի՞թե իր երդմնակալության վայրը չէ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման գաղափարների որջը։
Ադրբեջանի նախագահը կրկին ի ցույց դրեց պատմության թերիմացությունը կամ խիստ ընտրանքային մեկնաբանումը։ Փանահ խանը, որին աղբյուրները իրավացիորեն որպես «չարչի» են հիշատակում, հաստատվել է Լեռնային Ղարաբաղում շնորհիվ հայ մելիքների անթույլատրելի հակասությունների, եւ սկսել տեղի հայ բնակչության նկատմամբ բռնությունների ու տեղահանությունների պրակտիկան։
Ադրբեջանական վարչակարգը մշտապես քննադատում է Հայաստանին իր ռազմական կարողությունների բարելավմանն ուղղված քայլերի համար՝ դրանք համարելով խոչընդոտ խաղաղության ճանապարհին, սակայն Ադրբեջանի նախագահը բացեիբաց հայտարարում է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում իրենց զինված ուժերի հետագա զարգացման համար, ձեռք է բերվում անհրաժեշտ սպառազինություն, տեխնիկա, ստեղծվում են նոր զինված կազմավորումներ։ Ըստ նրա՝ հատուկ նշանակության ջոկատների թիվը մի քանի անգամ ավելացել է, նորաստեղծ զինված հրամանատարական ստորաբաժանումներում զինծառայողների թիվը հազարներով է չափվում, եւ այդ գործընթացը շարունակվում է։ Հետեւապես՝ ինչ է այս հայտարարությունը, եթե ոչ ռազմականացման եւ ծավալապաշտական նկրտումների պարզ խոստովանություն։ Խնդրահարույց է նաեւ այն, թե, «Մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել» ասելով, ինչ է պատկերացնում Իլհամ Ալիեւը. Ադրբեջանի ո՞ր գործողությունները, նման ռազմականացման պայմաններում, ոչ ոք չի կարող կանգնեցնել, եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Եթե իրապես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, ապա ինչպե՞ս բացատրել Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան 2021 թ. մայիսից ի վեր։
Ալիեւյան վարչակարգը «զգուշացնում է» շանտաժի լեզվով չխոսել՝ շանտաժ համարելով Հայաստանի եւ միջազգային հանրության կոչերը՝ վերադառնալու բանակցային գործընթացին, մինչդեռ հենց Ադրբեջանն է տարատեսակ քաղաքական-տնտեսական լծակներով տորպեդահարում բանակցային գործընթացը՝ անթույլատրելիորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին, չիրականացնելով պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջեւանի ավելի քան կես միլիոն հայրենազրկված հայերի եւ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության անօտարելի իրավունքների անհապաղ վերականգնման հանձնառությունը։
Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետականորեն հնչող ռասիզմն ու էքստրեմիստական հայատյացությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննել ադրբեջանական ծավալապաշտական հռետորաբանությունը եւ համարժեք արձագանք տալ այն վտանգներին, որոնք բխում են այդ հռետորաբանությունից»։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի եւ սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորությունները՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ տնտեսության, առեւտրի, ինչպես նաեւ մշակույթի ոլորտներում կապերի զարգացման եւ այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման հարցում փոխադարձ հետաքրքրությունը։
Հայաստանի եւ Տոգոյի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարը ներկայացրել է առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը։
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Բրյուսելյան պաշտոնական այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության (DG Home) ղեկավար Բեատա Գմինդերի, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ կայացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի, Եվրոպական հանձնաժողովի Բնակչության պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ղեկավար Միխայելա Մատուելլայի հետ։
Կողմերը քննարկել են Ներքին գործերի նախարարության ձեւավորման, ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բարեփոխումների ընթացքին ու նշված ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ՆԳ նախարարի տեղակալը կարեւորել է նշված ուղղություններով ԵՄ հետ արդյունավետ գործընկերությունը՝ փաստելով, որ ձեռնարկված եւ նախանշվող քայլերը հանրային անվտանգության երաշխավորման կարեւոր բաղադրիչներ են։
Արփինե Սարգսյանն ընդգծել է Փրկարար ծառայության ոլորտում համագործակցության նոր օրակարգի ձեւավորման կարեւորությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ վիզաների ազատականացման թեմային. շեշտվել է ՀՀ պատրաստակամությունն այդ ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու եւ այն հետեւողականորեն կենսագործելու հարցում։
Եվրոպական կողմը բարձր է գնահատել ՆԳՆ ոլորտային ուղղություններով իրականացված բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ եւ սերտ համագործակցությունը՝ համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ նոր հնարավորությունների ներգրավմամբ։
ՀՀ-ԻՐԱՆ
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ առեւտրաշրջանառությունն ավելացնել եւ հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի: Ինչպես հայտնում է IRNA-ն, այս մասին հայտնել է Իրանի պլանի եւ բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրին:
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը Հայաստանի Հանրապետությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարի Իրանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կազմել է 692 մլն 496.8 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ նվազելով 2.5 տոկոսով: