ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երեւանի բնակիչ երկու տղամարդ եւ մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Նույն օրը կեղծ արտարժույթ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաեւ ոստիկանության Ջերմուկի բաժնում: Երեւանցի վերոհիշյալ անձինք փետրվարի 7-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում խոտաբույսերի առքուվաճառքով զբաղվող մի կնոջից 16 000 դրամի գնումներ են արել, վճարումը կատարել են 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամով, եւ ստանալով 24 000 դրամ մանրադրամը՝ հեռացել են:
Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Փետրվարի 11-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի պարեկները տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղեւորները փորձել են Արենի գյուղի տաղավարներից կեղծ թղթադրամներով գնումներ կատարել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ պարեկները Երեւան-Մեղրի ճանապարհի 123,5-րդ կմ-ին կանգնեցրել են վերոհիշյալ «Օպելը» եւ կեղծ թղթադրամներ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչներ 53-ամյա վարորդին, 37 եւ 25 տարեկան երկու ուղեւորին, որոնք ամուսիններ են:
Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլար անվանական արժեքով ակնհայտ կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղեւորը հայտնել է, որ մեքենայում գտնվող պայուսակում կա 100 դոլար անվանական արժեքով 10 կեղծ թղթադրամ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզի քննչական վարչություն:
Այդ ընթացքում Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք փետրվարի 7-ի ժամը 19.30-ի սահմաններում Նորավանքի շուկա կոչվող տարածքում նույնպես առեւտուր են արել՝ վճարումը կատարելով երեք 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներով:
Բոլոր անձինք ներկայացրել են իրենց տրված կեղծ 100-դոլարանոցները:
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի եւ Վայոց ձորի մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդուն կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բնակիչը: Փետրվարի 14-ին նա նույնպես ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է մեկ կեղծ 100-դոլարանոց:
Երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 14-ին մայրաքաղաքի Կողբի 2-րդ փողոցի տանը կատարվել է առգրավում, որի ընթացքում 25-ամյա կինը իրավապահներին է ներկայացրել 100 դոլար անվանական արժեքով 46 կեղծ թղթադրամ:
Քրեական վարույթը շարունակվում է
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎՍՏԱՀՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
2019թ. սեպտեմբերի 19-ին, «Ֆ.Գ.» ՍՊ ընկերության (Հայաստանում զբաղվում է բրենդային ապրանքների վաճառքով) տնօրեն Ռ.Պ.-ի հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնված թիվ 08812123 քրեական վարույթով 25.12.2023թ. հանրային քրեական հետապնդում էր նախաձեռնվել ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Դ.-ի նկատմամբ, ով մեղադրվում է վստահված գույքի հափշտակության, վճարահաշվարկային փաստաթուղթ կեղծելու եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու ենթադրյալ հանցանքների կատարման մեջ:
Դատարանի 27.12.2023թ. որոշմամբ՝ Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը: 2024թ. փետրվար ամսից Ա.Դ.-ի շահերի պաշտպանությունը ստանձնել է «LSA» փաստաբանական գրասենյակը, ում պաշտպանը փաստաբան Գուրգեն Ներսիսյանն է: Մեր վստահորդի կողմից ներկայացված մի շարք հիմնավոր փաստարկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջինս իրականում որեւէ միջոց չէր հափշտակել, մեղադրանքում ներկայացված դրամական միջոցների մի մասը ծախսվել էր տնօրենի հայեցողությամբ, իսկ մնացած մասը փոխանցվել էր տնօրենին, ընդ որում՝ նրա նախաձեռնությամբ՝ ոչ ուղիղ փոխանցման միջոցով, հավանաբար նրա բնակության երկրում հարկային կամ իրավական խնդիրներ չառաջացնելու համար:
Վերը ներկայացվածն ամբողջությամբ բացահայտելու համար պաշտպանի կողմից 25 կետանոց գրավոր միջնորդություն էր ներկայացվել նախաքննական մարմնին, որոնց թվում էր նաեւ Ա.Դադաշյանին հարցաքննելու միջնորդություն-պահանջը, սակայն առ այսօր նա չի հարցաքննվել, իսկ գործով էական առաջընթաց չկա: Պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը եւ դրանում արտացոլված փաստարկներն ամբողջությամբ բավարար են՝ Ա.Դ.-ին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը փաստելու համար, մինչդեռ դրանց իրականացման ուղղությամբ անհրաժեշտ ջանասիրություն ցուցաբերելու փոխարեն պահանջվում է վնասների հատուցում, փորձ է արվում արգելանք դնել Ա.Դ.-ի գույքի վրա:
Նկատի ունենալով, որ Ա.Դ.-ն գտնվում է անազատության մեջ, ՀՀ քննչական կոմիտեի եւ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության ուշադրությունն ենք հրավիրում սույն վարույթով իրականացվող վարութային գործողությունների ընթացքի նկատմամբ եւ ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետում կկատարվեն ոչ միայն միջնորդությամբ ներկայացված վարույթային գործողությունները, այլեւ կվերացվի մեղադրյալի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը:
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ է ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել է, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը եւ նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։
Տուժածը հիվանդանոցում ներկայացել է ուրիշ անուն-ազգանունով, սակայն իրավապահների աշխատանքի շնորհիվ երիտասարդի ինքնությունը պարզվել է:
«Արաբկիրի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, համադրելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ տուժողը դեռեւս ինքնությունը չպարզված մի քաղաքացու հետ գնացել է Արաբկիր վարչական շրջանի ռեստորաններից մեկը՝ 42-ամյա տղամարդու հետ պարզաբանումների։ Նա էլ, համաձայնության չգալով, տուժողի եւ նրա հետ եկած ընկերոջ հետ դուրս է եկել առանձնասենյակից, զանգահարել ազգականներին ու ընկերներին, որպեսզի գան՝ հաշվեհարդար տեսնելու։ Ժամը 18.45-ին նրանք եկել են ռեստորան, որտեղ վիճաբանություն է սկսվել։
Տղամարդիկ դուրս են եկել ռեստորանի բակ, որտեղ 42-ամյա տղամարդն ու ընկերները կռփազենքով եւ ոտքերով հարվածներ են հասցրել տուժողին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրան։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 42-ամյա տղամարդու ընկերների եւ ազգականների ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հայտարարության մեջ:
ԴԺԳՈՀԵԼ ԵՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող, անժամկետ հացադուլ հայտարարած անձանց։
Նշվում է, որ փետրվարի 14-ին չհայտարարված այց է իրականացվել ՔԿՀ։ ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:
«Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի եւ այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Առանձնազրույցներից հետո քննարկումներ են տեղի ունեցել նաեւ ՔԿՀ վարչակազմի եւ քրեակատարողական բժշկության կենտրոնի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները ամփոփվում են։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։