ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի միջոցով գյուտերի Եվրասիական արտոնագիր ստանալու համար, վերջին 20 տարիների համեմատ, անցած տարի աննախադեպ՝ 11 հայտ է ներկայացվել։

 

Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրեց գրասենյակի Գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի պետ Ավետիս Պերյանը՝ նշելով, որ մինչ այդ Եվրասիական արտոնագրերի հայտերի քանակը սովորաբար տարեկան 1-3 էր լինում։

«Ավելի քան 20 տարի է` այս ոլորտում եմ, պրակտիկայում չեմ հիշում նման քանակությամբ հայտեր։ Իհարկե, այստեղ  իր դերը խաղացել է այն, որ 1 հայտատու 6-7 հայտ է միանգամից ներկայացրել։ Շատ քանակությամբ հայտերը վերաբերում էին հացաբուլկեղենի տարբեր սարքավորումներին՝ բլիթների, լավաշների արտադրության հոսքագծեր էին։ Կոնկրետ այդ հայտատուն այստեղ արտադրում է այդ հոսքագծերը եւ վաճառում ԱՊՀ երկրներում, որտեղ արտոնագիրը գործող է համարվում»,-ասաց Պերյանը՝ հավելելով, որ հայտատուի ներկայացուցչի ներկայացմամբ՝ հոսքագծերն այդ երկրներում լավ պահանջարկ ունեն։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 7324 Եվրասիական արտոնագիր։

Բացի այդ, ամեն տարի հայտեր են ստացվում արտասահմանյան տարբեր երկրներից, առավել հաճախ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, իսկ մնացած երկրների շարքն անընդհատ փոփոխվում է։ Եղել են տարիներ, որ գրասենյակը Թայվանից է գյուտի արտոնագիր ստանալու հայտեր ստացել  կոշիկի տարատեսակ տակացուների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է անցած տարվա ընդհանուր ցուցանիշներին, ապա, ըստ Պերյանի,  գրասենյակ ներկայացվել է  112 հայտ՝ 22 գյուտի եւ 90 կարճաժամկետ գյուտերի արտոնագրեր ստանալու համար։

Մասնավորապես՝ գյուտի արտոնագիր ստանալու հայտերից 11-ը ստացվել է ազգային, իսկ մյուսները՝ օտարերկրյա հայտատուներից։

«Հայտերի 51,79 տոկոսը ներկայացրել են ֆիզիկական անձինք, 48,21 տոկոսը՝ իրավաբանական, այդ թվում՝ առեւտրային կազմակերպություններ՝ մոտ 19 տոկոս, եւ բուհեր կամ գիտական հաստատություններ՝ մոտ 30 տոկոս։ Այդ հարաբերակցությունը 2022 թվականի համեմատ գրեթե նույնն է մնացել»,-հայտնեց նա՝ համեմատության համար նշելով, որ միջազգային չափորոշիչներով մեծամասամբ հայտեր ներկայացնում են իրավաբանական անձինք, քանի որ նրանք կարող են որեւէ բնագավառում ներդնել այդ գյուտը։

Պերյանն ընդգծեց, որ Հայաստանում գյուտերի արտոնագրման համար զեղչային համակարգ է նախատեսված տարբեր հայտատուների համար։ Մասնավորապես, ֆիզիկական անձինք օգտվում են պետական տուրքի 75 տոկոս զեղչից, ուստի շատերը թեկուզ իրավաբանական անձինք են, բայց գերադասում են որպես ֆիզիկական անձ ներկայացնել հայտը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ հետաքրքրություն ունեն արտասահմանցի հայտատուները Հայաստանում գյուտերի արտոնագրեր ստանալու առումով,  բաժնի պետը նախ ներկայացրեց, որ, օրինակ, միջազգային ընթացակարգով Հայաստանում անցած որոշ հայտեր վերաբերել են ատոմային էներգետիկայի բնագավառին՝ տարբեր թափոնների մշակմանը, տեղափոխմանը եւ այլն. տեսնելով, որ Հայաստանում գործում է ատոմակայան՝ հայտ են ներկայացնում։

«Նույն կերպ կարող են ներկայացնել նաեւ այն ոլորտների վերաբերյալ, որոնք Հայաստանում զարգացած են»,-ասաց  Պերյանը։

Անցած տարի գյուտերի արտոնագրման համար ստացված հայտերի բաշխվածությունն ըստ տեխնիկայի բնագավառի հետեւյալն է՝  20,54 տոկոսը վերաբերել է սննդամթերքի եւ ծխախոտի բնագավառին, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում՝ բժշկության ու անասնաբուժության,  դեղերի եւ դեղամիջոցների ոլորտներն էին։

Դրանք տարբեր տեխնոլոգիաներ են, օրինակ՝ գինու, խմիչքի, սննդատեսակի ստացման եղանակներ, իսկ դեղերի դեպքում՝ այրվածքների դեմ  քսուքներ, տարբեր հիվանդությունների բուժման եղանակներ։

Մյուս հայտերը՝ թվով ավելի պակաս,  շինարարությանը, չափման եւ օպտիկային, տրանսպորտին, գյուղատնտեսությանը, էլեկտրական տեխնիկային կենսաքիմիային վերաբերող գյուտեր են եղել։

Ընդհանուր նշված ժամանակահատվածում տրվել է 83 արտոնագիր՝ նախորդ տարվա  97-ի փոխարեն, իսկ մերժված հայտերի քանակը կազմել է 2, հետ կանչվածներինը՝ 26։

«Մերժումները պայմանավորված են լինում գյուտի համար սահմանված արտոնագրության պայմաններին անհամապատասխանությամբ, այսինքն՝ նոր չեն, չունեն գիտական մակարդակ կամ արդյունաբերության մեջ կիրառելի չեն,  օրինակ՝ հավերժական շարժիչ է»,-պարզաբանեց Պերյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ այս տարի արդեն մոտ 10 հայտ է ստացվել, որից 3-ը պատուհանների շրջանակների կառուցվածքների, մի քանիսը՝ սննդի ոլորտի վերաբերյալ եւ այլն։

Մտավոր սեփականության գրասենյակի գյուտերի եւ արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի պետը կարեւորեց նոր գյուտի, նորարարության դեպքում արտոնագրումը՝ հեղինակային իրավունքների պաշտպանության,  հետագայում երրորդ անձանց կողմից անօրինական օգտագործումը արգելելու, բացի այդ, ավելի վստահ ներդրումներ կատարելու եւ գործընկերներ գտնելու համար։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ ՄԱԼՈՒԽՆԵՐԸ՝ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՊՈՒՂԻՆԵՐՈՎ

Թումանյան, Վարդանանց եւ Խորենացու փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Փոխարինվում եւ վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  Նախագծում ներառված է մայրքաղաքի 28 փողոց: Հատկացված վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:  Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերին: Քաղաքի մի շարք հատվածներում մալուխներն արդեն իսկ անցկացվել են գետնի տակ, լուսավորության համակարգն էլ ամբողջությամբ արդիականացվել է:

Երեւանյան 28 փողոցների լուսավորության արդիականացումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին:

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՓԱԿՎԵԼ ԵՆ

Վերջին շրջանում տուրիստական Դիլիջան քաղաքում փակվել են «ՎՏԲ» բանկի  եւ «Հայբիզնեսբանկ»-ի Դիլիջանի մասնաճյուղերը, այդ բանկերի դիլիջանցի հաճախորդներին բանկերից հորդորել են  այսուհետ օգտվել նշված բանկերի Իջեւանի մասնաճյուղերի ծառայություններից: Մասնաճյուղերի փակման հետեւանքով որոշակի թվով աշխատողներ կորցրել են աշխատանքը, Դիլիջանից  մինչեւ  Իջեւան հեռավորությունը 34 կմ է, ինչը դիլիջանցիների համար դժվարություն է այդ բանկերի Իջեւանի մասնաճյուղերից օգտվելու համար։ Դիլիջանցիները հարցնում են՝ տուրիստական քաղաքում ինչու են բանկերի մասնաճյուղերը  փակել։

 

 

 

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել մարզում  իրականացվող, նախատեսվող պետական սուբվենցիոն ծրագրերի եւ նախկին տարիներից հետաձգված ծրագրերի վերաբերյալ: Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «2023թ.-ին մեկնարկել է 2023թ.-ին  հաստատված 15 սուբվենցիոն ծրագիր եւ 1 ծրագիր` 2022թ-ից տեղափոխված,  4,2 միլիարդ դրամ  ընդհանուր արժեքով, բոլորը համայնքների կողմից դրվել են մրցույթի։  Նշված ծրագրերից 13-ն  ավարտվել են ամբողջությամբ, իսկ 3 ծրագրեր ավարտվել են մասամբ, որոնց չափաբաժինների մի մասը տարբեր պատճառներով տեղափոխվել է 2024 թվական: 2024 թվական է տեղափոխվել նաեւ 2022թ. հաստատված Դիլիջանի մշակույթի պալատի հիմնանորոգման եւ 2021 թվականին հաստատված Դիլիջան  քաղաքի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի էներգոարդյունավետ արդիականացման ծրագրերի շինարարական աշխատանքները: Սրանք տեղափոխվել են եղանակային անբարենպաստ պայմանների, միցույթներում մասնակից չլինելու եւ այլ պատճառներով: Ներկայումս ընթացիկ ծրագրերը սրանք են: 2024 թվականի համար համայնքների կողմից ներկայացվել են 20 ծրագրերի ամբողջական փաթեթներ, որոնք գտնվում են քննարկման փուլում»:

 

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

ԿԳՄՍ նախարարությունը բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար հայտարարել  է կամավոր ատեստավորման նոր գործընթաց: Նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել է, որ պետբյուջեն կփոխհատուցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների բուհում սովորելու վարձը, նաեւ խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։ Տավուշի մարզի դպրոցների՝ բարձրագույն կրթություն չունեցող 22 ուսուցիչ ազատվել է աշխատանքից։ Նրանցից մի քանիսի հետ զրույց ունենալով՝ իմացանք, որ նրանք կամավոր ատեստավորման նոր գործընթացին չեն մասնակցելու, ցանկություն չունեն բուհում սովորելու, որովհետեւ վստահ չեն, թե բուհն ավարտելուց հետո՝ 4 տարի հետո,  դպրոցում ուսուցչի աշխատանք կունենան։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս